00:00:00

«Ռուս – թուրքական պատերազմի մեկնարկը մոտ է». Լևոն Մնացականյան

«Անկախ այն հանգամանքից, որ որոշ դեպքերում ռուսներն ու թուրքերը բանակցում են իրար հետ կամ ինչ – ինչ հարցերում փոխադարձ համաձայնության են գալիս, այնուամենայնիվ, ռուս թուրքական բախումը շատ մոտ է։ Ես այդ մասին ասում եմ, արդեն, ավելի քան մեկ տարի: Էականն այն է, որ լարվածությունն այդ երկու երկրների միջև իր պիկին է հասնում։ Ի դեպ, օրերս ռուսական կողմը Ուկրաինայում հրթիռակոծեց թուրքական ռազմաբազան, իսկ իր հերթին՝ Թուրքիան, այլևս չի կարողանում մանևրել արևելյան խորամանկ դիվանագիտությամբ և, շատ շուտով, ստիպված կլինի դիրքավորվել հակառակ ճամբարում,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ, վերլուծաբան Լևոն Մնացականյանը։

Վերջինս նկատում է՝ ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ հիմա Արևմուտք – Արևելք կատաղի պայքար է գնում։ Հարցն այլ հարթության մեջ պետք է դիտարկել. «Անգլոսաքսերը որպես վահան են օգտագործում մուսուլմանական աշխարհին։ Նրանք չեն ցանկանում իրենց ձեռքի տակ եղած սեփական միջոցներով պատերազմել, որպեսզի հնարավորինս զերծ մնան մարդկային և նյութական կորուստներից։ Այդ է նաև պատճառը, որ Թուրքիան ընդգծված արևմտամետ քաղաքականություն է վարում և շատ ավելի սերտ կապերով է կապված Արևմուտքի հետ։ Իրենց հերթին՝ Ռուսաստան - Չինաստան հարաբերություններն, արդեն իսկ, հակասություններն են ենթադրում՝ կապված ռուս – թուրքական հարաբերությունների հետ։ Պատճառը հայտնի է՝ Չինաստանը նույնպես խոշոր արտադրող է, իսկ Թուրքիան, այդ առումով, խանգարում է իրեն այստեղ։ Եվ քանի որ այս տարածաշրջանում Թուրքիան կայսերապաշտական նկրտումների է ձգտում, ապա, կարծում եմ, ռուս – ուկրաինական հակամարտության ավարտից անմիջապես հետո, մենք ականատես կլինեն ռուս – թուրքական բախմանը»։

Վերլուծաբանը, սակայն, չի բացառում՝ հնարավոր է իրավիճակը Հարավային Կովկասում սրվի արդեն ամենամոտ ապագայում. «Դրան, ինչպես տեսնում ենք, հնարավոր ամեն կերպ« նպաստում է տարածաշրջանում Թուրքիայի ռազմավարական դաշնակից Ադրբեջանը, տարատեսակ, այդ թվում նաև՝ ռազմական, բարոյահոգեբանական սադրանքներ հրահրելով Արցախում։ Մենք տեսնում ենք արդեն շաբաթներ շարունակ բարձրախոսներով Արցախի բնակիչներին ահաբեկելու ադրբեջանական կողմի որդեգրած վարքը, ականատեսն ենք ռազմական տարատեսակ սադրանքների, որոնք նաև ավարտվում են զոհերով և վիրավորներով, չմոռանանք նաև՝ վնասված և այդպես էլ չվերականգնվող գազատարի պատմությունը։ Այս ամենը մի հստակ նպատակ է հետապնդում՝ ռազմական բախումներ սկսել Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Արցախում, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության սահմաններին, որով, ըստ թուրք – ադրբեջանական տանդեմի, կթուլանան, առանց այն էլ, պատերազմի մեջ ներգրավված ռուսական կողմի դիրքերը»։

Հարցին՝ ի՞նչ դիրքորոշում կորդեգրի Ռուսաստանի Դաշնությունն, այստեղ՝ Արցախում կամ Հայաստանի Հանրապետության սահմաններին ռազմական բախումներ սկսվելու պարագայում, քաղաքագետը պատասխանում է՝ հանուն արդարության, պետք է նշել՝ արցախյան վերջին պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերություններն այնքան էլ դաշնակցային չէին.«Չեմ ուզում այս պահին քննարկել այն հարցը, թե ինչո՞ւ այդպես ստացվեց, ո՞վ կամ ովքե՞ր էին մեղավոր այդ իրավիճակի համար կամ՝ ովքե՞ր են դրա պատասխանատուները, դա այլ թեմա է։

Փաստն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունն այնքան էլ ոգևորված չէր Հայաստանին պաշտպանելու խնդրով։ Նոր պատերազմի բռնկման պարագայում, սակայն, չեմ կարծում, թե ՌԴ-ի կողմից նույն վարքագիծը կդրսևորվի։ Կարծում եմ, այս անգամ նրանք այդքան իներտ չի գտնվի, որքան 44 - օրյա պատերազմի օրերին էր։ Խնդիրը հիմա շատ ավելի սուր է դրված՝ դեպի ո՞ր կողմ կթեքվի Հայաստանի Հանրապետությունը՝ Արևմո՞ւտք, թե՞ կմնա որպես ռուսական ազդեցության գոտի։

Թեև, իրատես լինելու համար ընդունենք, որ մենք այս պահին Արևմուտք թեքվելու այլընտրանք, պարզապես, չունենք՝ ոչ միայն ռազմական անվտանգության տեսակետից, այլ նաև՝ արդեն այլ հավանական վտանգների սպառնալիքով պայմանավորված, ինչպիսին, օրինակ, պարենային անվտանգության խնդիրն է և այլն»։

Ամփոփելով զրույցը Լևոն Մնացականյանը նկատում է՝ Հայաստանը, բառացիորեն, էքզիստենցիալ գոյաբանական վտանգի առաջ է հայտնվել։ Ողջ արևելյան սահմանն է ռազմական հարձակման վտանգի առաջ հայտնվել, սակայն, հասարակության լայն շերտերում տիրող անտարբերությունը աբսուրդի զգացողությունից զատ, ուրիշ ոչինչ չի հուշում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր