Նախորդ տարի՝ օգոստոսին Ազգային Ժողովը ընդունեց իշխանական խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգիրքը, որով առաջարկվում էր օրենքը լրացնել նոր 137.1 հոդվածով, որով քրեականացվում է անձին ծանր վիրավորանք հասցնելը, հայհոյելը, կամ նրա արժանապատվությունն այլ անպարկեշտ, լկտի եղանակով վիրավորելը։
Օրենքի ընդունումից հետո ոստիկանության բաժիններ են հրավիրվում քաղաքացիներ, որոնց մեղադրանք է առաջադրվում սոցիալական ցանցերով իշխանության այս կամ այն ներկայացուցչի հասցեին վիրավորական գրառում, կամ մեկնաբանություն անելու համար։ Իհարկե օրենքը ներկայացնողներն ու ընդունողները, ինչպես նաև ոստիկանությունը չեն հստակեցրել, թե հատկապես, որ բառերից են իշխանության ներկայացուցիչները վիրավորվում և «քաղմաս» դիմում։
Irakanum.am-ը ՀՀ ոստիկանություն գրավոր հարցում էր ուղարկել, խնդրելով տրամադրել տեղեկություն այն մասին, թե 30.08.2021 թ. ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քանի քրեական գործ է հարուցվել, և քանի դեպքով է մերժվել քրեական գործի հարուցումը։ Ի պատասխան մեր հարցման ոստիկանության լրատվականից հայտնել են, որ առ այսօր ՀՀ ոստիկանություն է հրավիրվել 60 անձ, հարուցվել է 78 քրեական գործ, 11 դեպքով մերժվել է քրեական գործի հարուցումը։
Irakanum.am