00:00:00

Զիջումների կարմիր գծերը չարձանագրելու պարագայում մենք թե Արցախը, թե Հայաստանը կորցնելու վտանգի առջև ենք. Ռուստամյան

18:48, 10 մարտ 2022 Քաղաքականություն

ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովը պատմության մեջ կմնա որպես արտակարգ ժողով, այն գումարվում էր աննախադեպ սրված ու լարված իրավիճակում, Հայաստանին սպառնացող բազմաթիվ վտանգների առկայության պարագայում։ Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նորընտիր ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:

«Խոսքն իրականում վերաբերում  է մեր լինելության գործողություններին, Դաշնակցությունը, իր առաքելությանը համաձայն, լինելով վտանգների բաց ներվը զգացող կուսակցություն, շատ հստակ արձանագրում է, որ մենք կանգնած ենք օրհասական խնդիրների լուծման հրամայականի առջև, ունենք թե ներքին, թե արտաքին լրջագույն վտանգներ։ Խնդիր ունենք թույլ չտալու, առնվազն կասեցնելու այնպիսի զիջումներ, որոնք կենսական նշանակություն  կունենան մեր ապագայի համար։ Զիջումների կարմիր գծերը չարձանագրելու պարագայում մենք թե Արցախը, թե Հայաստանը կորցնելու վտանգի առջև ենք։ Սա չափազանցություն չէ, սա իրական վտանգի վերլուծություն է»,-ասաց Ռուստամյանը։

Նրա խոսքով, աշխարհքաղաքական փոփոխութունների հորձանուտում նոր լրջագույն մարտահրավերներ են առաջացել. «Չափազանցություն չի լինի ասել, որ Հելսինկյան պակտից հետո ձևավորված նախկին աշխարհակարգն այլևս չի գործում կամ գործում է լուրջ խափանումներով։ Ուժի գործադրումը սկսել է դառնալ միջպետական հարցերի լուծման միջոց։ Այս պարագայում, իսկապես, Հայաստանը պետք է կարողանա ճիշտ արտաքին քաղաքականություն իրականացնել, որ անվտանգային համակարգը ձևավորի մարտահրավերները հաղթահարելու համար։ Թուրք-ադրբեջանական տանդեմը, որ գործում է մեկ պետության նման, ամեն օր փորձում է մեր շուրջ օղակը սեղմել։ Մենք ամեն օր կանգնած ենք մեր լինելության հարցերը լուծելու պարտադրանքի առջև, և դրան համապատասխան անհրաժեշտ քայլեր պետք է ձեռնարկենք անհապաղ»,-ասաց նա:

Արմեն Ռուստամյանը նկատեց՝ «Ապագա կա» կարգախոսով իշխանության եկած ուժն անում է այնպիսի զիջումներ, որոնք վտանգի տակ են դնում երկրի ու ժողովրդի ապագան. «Այո, Հայաստանում կա ապագա, բայց առանց կենսական զիջումների։ Հայաստանում ու հայության համար չի կարող լինել ապագա կենսական զիջումներով։ Մենք հստակ մատնանշել ենք այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ զիջումներ թույլ չի տա Դաշնակցությունն իր համահայկական կառույցով։ Իսկ հայ ժողովուրդը պետք  է վերագտնի իր երբեմնի առաքելությունն ու նշանակությունը, այս տարածաշրջանում գոյատևելու իր անսակարկելի իրավունքը և դիմակայի այս փորձություններին»,-ասաց Ռուստամյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր