00:00:00

Խարբերդի մանկատանը ոչ բոլոր խմբերում է ամեն օր միս մատուցվել. ՄԻՊ

18:37, 10 մարտ 2022 Քաղաքականություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այցելել է Խարբերդի մանկատուն, այս մասին  տեղեկացնում ենք ՄԻՊ ֆեյսբուքյան էջից։ Հաղորդագրությունում ասվում է․ 

«Շարունակական բնույթի համակարգային խնդիրներ Խարբերդի մանկատանը. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի չհայտարարված այցի արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպանը մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Այցի շրջանակներում հատուկ ուսումնասիրվել են 2020 թվականին իրականացված այցի ընթացքում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը՝ հաշվի առնելով նաև 2021 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տեղեկություններն ու պարզաբանումները:

Այցի պահին արձանագրվել է, որ հաստատությունում խնդիրներ են առաջացել հատկապես սննդամթերքի որոշ տեսակների մատակարարման հետ: Այսպես, կենտրոնացված կարգով գնումների կազմակերպման գործընթացներով պայմանավորված՝ այցի օրը հաստատությունում սպառվել էր մսամթերքի պաշարը, իսկ նախորդ մեկ ամսվա ճաշացանկի ուսումնասիրությունը վկայում է, որ ոչ բոլոր խմբերում է ամեն օր միս մատուցվել:

Այցի օրվա դրությամբ ալյուրի առկա պաշարը կարող է բավարարել հաջորդող մոտ մեկուկես օրվա համար անհրաժեշտ քանակությամբ հաց թխելուն: Անհրաժեշտ ապրանքների և սննդամթերքի առաջիկա մատակարարման ժամկետների վերաբերյալ հաստատությունը տեղեկություններ չունի: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ Պաշտպանն այն հրատապության կարգով կքննարկի իրավասու պետական մարմնի հետ:

Այցի օրվա դրությամբ դիտարկումները վկայում են նաև, որ ինչպես նախորդ այցի, այնպես էլ այս այցի ընթացքում մի շարք համակարգային խնդիրներ դեռևս արդիական են»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր