Այսօր ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները հայտնաբերել են օրեր առաջ Երևանում՝ «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող հանրահայտ «Զառա» հագուստի խանութից զենքի նմանվող առարկայով ու դանակներով զինված դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին, տեղեկացնում է shamshyan.com–ը:
Նրանք հայտնաբերվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարբեր հատվածներից և բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր կայքը, մարտի 6-ին դանակներով զինված, դիմակավորված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 10:00-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում դանակներով և զենքի նմանվող առարկայով զինված, բժշկական դիմակներով դիմակավորված 2 քաղաքացի մտել են «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող հայտնի «Զառա» հագուստի սրահ և աշխատակցի հասցեին սպառնալիքներ էին հնչեցրել ու դրա տակ հափշտակել 2-2,5 մլն դրամ, ապա դիմել փախուստի: