ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն բողոք է ներկայացրել, որի քննության արդյունքում չեղյալ է հայտարարվել մի մրցույթի արդյունքները, որում հաղթող էր ճանաչվել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ-ն:
Իսկ ինչի մասին է խոսքը. մասնավորապես, Պետական եկամուտների կոմիտեն շարժիչավոր փոխադրամիջոցների ապահովագրական ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարել է մրցույթ, որին մանսակցելու հայտեր են ներկայացրել մի քանի ընկերություններ՝ «Սիլ Ինշուրանս» ԱՓԲ, «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊ, «Բի Բի Էս Սի» ընկերությունը, Ա/Ձ Արթուր Կարապետյանը եւ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունը: Միեւնույն ժամանակ դիմումում նշվում է, որ «Բի Բի Էս Սի» ընկերությունը եւ Ա/Ձ Արթուր Կարապետյանը չեն հանդիսանում ապահովագրական ընկերություններ:
Բանն այն է, որ այդ հարցման արդյունքներով նվազագույն գին առաջարկել է «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունը՝ 4 մլն 553 հազար դրամի չափով: Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունն այլ երկու ընկերության հետ առաջարկել է 4 մլն 846 հազար դրամ: Ապա իր դիմումում ընկերությունը փաստեր է ներկայացնում, որ երկրորդ նախագահ ընտանիքին պատկանող ընկերությունը հաղթող է ճանաչվել օրենսդրության խախտումներով եւ այդ պատճառով պարտավորեցրել են պատշաճ փաստաթղթեր ներկայացնել: Նկատենք, որ այս դիմումի արդյունքում գնումների հետ կապված բողոք քննող անձը դիմումը մասնակի է բավարարել եւ ներկայացված պնդումներն անհիմն են համարվել:
Նկատենք որ, թավշյա հեղափոխությունից հետո Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը վայելում է իշխանությունների համակրանքը եւ պետական հոգածության է արժանանում: Նրա ընտանիքին պատկանող ընկերությունները փաստացի չեն բավարարվում այս ամենով եւ գնումների ոլորտում գործում է ընդդեմ մյուս ընկիերությունների: