00:00:00

Լավ օրից է, որ կարողանում ենք պարտք վերցնել. եթե վատ օրի լինեինք, մեզ ոչ մեկ պարտքով փող չէր տա. Ֆինանսների փոխնախարար

15:34, 09 մարտ 2022 Տնտեսություն

Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։

Սրանով Հայաստանը վարկ է վերցնում Արժույթի միջազգային հիմնադրամից, որն ուղղվելու է պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։

Ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանի համար ընդդիմադիրների՝ աննպատակ ծախսեր անելու մեղադրանքն անհասկանալի է։

«Երբ ասում եք, որ «պարտքը լավ օրից չէ, որ ներգրավում ենք», ես կարող եմ մեկ այլ տարբերակ առաջարկել՝ լավ օրից է, որ կարողանում ենք պարտք ներգրավել, որովհետև, եթե մենք վատ օրի լինեինք, մեզ ոչ մեկ պարտքով փող չէր տա», - նշեց նա։

Փոխնախարարի խոսքով՝ ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը 2022 թվականին կազմում է 236 միլիարդ դրամ, բայց իրականացնում են 351 միլիարդ դրամի կապիտալ ծախսեր. վարկը հենց 236 միլիարդ դեֆիցիտը փակելու համար է։

«Ուստի, կարելի է ասել, որ բոլոր միջոցները, որ մենք ներգրավում ենք, որևէ կերպ չենք ֆինանսավորում մեր ընթացիկ ծախսերը, այլ՝ ներդրում ենք կատարում Հայաստանի ենթակառուցվածքների մեջ, որպեսզի հետագայում ավելացնենք ՀՆԱ-ի մեր պոտենցիալը», - ընդգծեց ֆինանսների փոխնախարարը։

Այն թեզը, թե այս կառավարությունը վարկ է վերցնում, որը հետագայում կարող է փակել այլ կառավարություն, Հովհաննիսյանն ասաց, թե դա տրամաբանական է. քաղաքական ցիկլը հինգ տարի է, իսկ վարկերը երբեմն 20 տարով են ներգրավվում։

«Հիմա էլ մենք փակում ենք այն վարկերը, որոնք նախորդ իշխանություններն են վերցրել ու, վստահաբար, շատերը կասկած ունեն, թե այդ վարկերը ինչ արդյունավետությամբ են իրականացվել», - հայտարարեց փոխնախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր