Ներկայումս Արցախում իրավիճակի սրման էական սպառնալիք կա։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ չի ցանկանում մանրամասնել ու փակագծեր բացել, սակայն լարվածության աճի վտանգը չափազանց մեծ է։
«Իրավիճակը մտահոգություն է առաջացնում, եւ դա փաստ է»,- ընդգծեց պատգամավորը։
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի սպառնալիքները, որը պաշտոնական Երեւանից փոխհատուցում է պահանջում, Մամիջանյանն ասաց, որ նման հայտարարությունները գործող իշխանության անգործության արդյունք են։
Նրա խոսքով՝ իշխանությունը պետք է ակտիվորեն բարձրացներ Արցախի դեմ ռազմական արշավին ահաբեկիչ վարձկանների ներգրավելու հարցը։ «Հայաստանի թույլ եւ վախկոտ արտաքին քաղաքականությունը թույլ է տալիս Ադրբեջանին հարձակվել եւ կեղծ մեղադրանքներ առաջադրել Երեւանին եւ ողջ հայ ժողովրդին»,- եզրափակեց Մամիջանյանը։