00:00:00

Մարտի 1-ից ապրանքների ծածկագրերի տոտալ հսկողությունից անցում է կատարվել առավել թիրախային հսկողության. ՊԵԿ

16:23, 02 մարտ 2022 Քաղաքականություն

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ապրանքների դասակարգման կարևորությունը, պարզեցրել է մաքսային ընթացակարգերի գործընթացը:

ՊԵԿ-ից հայտնում են, որ ընթացակարգերի պարզեցման ընդհանուր քաղաքականության շրջանակում մարտի 1-ից որոշ ապրանքների ծածկագրերի տոտալ հսկողությունից անցում է կատարվել առավել հասցեական՝ թիրախային հսկողության: Ընթացակարգերի պարզեցման արդյունքում էապես կհեշտացվի ապրանքների հայտարարագրման ամբողջական գործընթացը, կկրճատվի դրա տևողությունը։

Նախկինում գործող ընթացակարգի համաձայն, այսպես կոչված փակ կոդերի կիրառման համար տնտեսվարողը նախ պետք է դիմեր ՊԵԿ մաքսային հսկողության վարչություն, որտեղից էլ ձեռք բերեր անհրաժեշտ ապրանքի ծածկագիրը: Նոր փոփոխությամբ՝ տնտեսվարողն ամբողջ գործընթացը կարող է իրականացնել առանց մաքսային մարմին դիմելու՝ հայտարարագրումն իրականացնելով օրենքով նախատեսված կարգով:

 Գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու համար Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսվարողներին դրսևորել բացառապես օրինապահ վարքագիծ: Մաքսային ձևակերպումներն առաջին մեթոդով (գործարքի գնի մեթոդ) կիրառելու համար ունենալ անհրաժեշտ փաստաթղթեր, հայտարարագրել իրական արժեքով և խուսափել տարատեսակ անհարմարություններից:

Մաքսային ընթացակարգերի պարզեցման գործընթացը պայմանավորված էր որոշ ապրանքների դասակարգման խնդրահարույց լինելուց և բարդությունից (օրինակ՝ տեխնիկա, սարքավորումներ, տեխնոլոգիական ապրանքներ և այլն): Այսպես, նոր փոփոխությամբ ՊԵԿ աշխատակիցների կողմից մշտադիտարկման տարատեսակ գործիքակազմով իրականացվելու է ապրանքների ծածկագրերի հասցեական հսկողություն։ Դրան զուգահեռ, նշված պայմաններում էապես մեծանալու է հայտարարատուների պատասխանատվությունը՝ ապրանքների ծածկագրերի և մաքսային արժեքների վերաբերյալ հայտարարագրվող տեղեկությունների ճշգրտության մասով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր