Գյումրիում երեկ գիշեր տեղի ունեցած դաժան սպանությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Ժամը 01:05-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Գյումրու Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Աթարբեկյան փողոցի «Անդրանիկի» արձանի դիմացից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված մի քաղաքացու: Սպանվածը Գյումրի քաղաքի բնակիչ, 1987 թվականին ծնված Վահագն Հարությունյանն է եղել։
«Ձայներ լսեցինք դուրս եկանք փողոց, տեսանք գետնին ընկած էր, սաղ արյուն էր»,- Irakanum.am-ին պատմեց սպանված երիտասարդի հարևաններից մեկը։ 35 –ամյա տղամարդը մարմնի տարբեր հատվածներում ստացել է դանակի բազմաթիվ հարվածներ։
Նախնական տեղեկություններով դեռևս ինքնությունները չպարզած երեք քաղաքացիներ հայհոյանքներով խոսել են հիշյալ տարածքում, ինչը լսելի է եղել նաև հարևանությամբ ապրող մարդկանց տներում, որից հետո Վահագն Հարությունյանը դուրս է եկել տանից և խնդրել է չաղմկել ու չհայհոյել։ Նկատողությունը դուր չի եկել նրանց, որից հետո սկսել են ծեծել տղամարդուն, ապա հասցրել դանակի բազմաթիվ հարվածներ։
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի անձը ճշտելու, նրա և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Irakanum.am
Լուսանկարը՝ shamshyan.com-ի