«Ես երեկ հաղորդում եմ ներկայացրել ոստիկանության Էրեբունու բաժին և հույսով եմ, որ ոստիկանությունն ամբողջ իրական պատկերը կբացի, չի փորձի որեւէ պատկեր չբացահայտված թողնել, կամ թաքցնել, որովհետև ես երեկ զգացի, չգիտեմ որքանով էր իրենց ինֆորմացիան ճիշտ, կամ փորձում էին ինձ մոլորեցնել, չեմ կարող հստակ ասել, բայց ոստիկանությունում ինձ պնդում էին, որ չորս հոգուց ավել մարդ չի եկել մեր խմբագրության մոտ, այնինչ միայն մեր դռան մոտ ես կարողացել եմ տեսանյութի միջոցով հաշվել յոթ հոգու, բայց մի քանիսը եղել են, որոնք տեսախցիկի տեսադաշտում չեն հայտնվել»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց politik.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին, պատասխանելով մեր հարցին, թե ինչ ընթացք է ստացել վերջինիս ֆեյսբուքյան գրառումը։ Հիշեցնենք, որ Մուրազին երեկ գրել էր․ «Քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրահանգով (իմ վստահությամբ) մեր խմբագրություն են ներխուժել հինգ հոգուց ավել մարդ եւ ներկայացել են, որպես զոհված զինվորների ծնողներ: Նրանք պնդել են, թե ես հայտարարել եմ, որ Արայիկ Հարությունյանը Արցախի հողերը հանձնել է ու այդ հայտարարության համար պետք է հաշվեհարդար տեսնեն: Խմբագրությունում ինձ չհանդիպելուց հետո, նրանք դուրս են գալիս ու ներխուժողներից մեկը նաեւ զանգահարել է ինձ եւ հայտարարել է, որ ինքը պատրաստվում է մարդ սպանել ու պահանջել է հանդիպում»: Նա նաև իրավապահներին կոչ էր արել համապատասխան միջոցներ ձեռնարկել։
Ավելի ուշ նա յութուբյան իր ալիքով ցույց տվեց որոշակի կադրեր։
«Ես հույս ունեմ, որ ոստիկանությունում շփոթմունք է եղել, ոչ թե դիտավորություն թիվը կրճատելու, իրականությունը խեղաթյուրելու համար»,- ասաց Մուրազին, հավելելով, որ ունի տեղեկություններ, որ իրեն զանհագարած տղամարդը բնակվում է Զվարթնոց համայնքում, զոհված զինծառայողի հայր է, գիտի, որ պարբերաբար կապ է պահպանում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ «Պարբերաբար եղել են դեպքեր, երբ Արայիկ Հարությունյանի հետ խնդիր ունեցած մարդկանց «հյուր» են գնացել էս խմբով։ Սրանք իմ նախնական տեղեկություններն են»,- մեզ հետ զրույցում ասաց Բորիս Մուրազին։
Միաժամանակ կայքի խմբագիրն ասաց, որ ինչպես ինքն է տեղեկացված պատերազմից հետո Արայիկ Հարությունյանը այդ նույն ծնողներին, գուցե նաև ուրիշների պարգևատրել է զենքով։ «Ես ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ, որ սա կապված էր Արայիկ Հարությունյանի հետ, իրենք զանգելուց էլ են դա ասել և վստահ եմ, որ նրա հետ ուղիղ կապի մեջ են էս մարդիկ ու Արայիկ Հարությունյանի հրահանգն են կատարում։ Ես չգիտեմ Արայիկ Հարությունյանին որտեղից նման համարձակություն արդեն Հայաստանում նման քայլեր անելու, բայց Ստեփանակերտում ամիսներ առաջ հարձակվել էին լրագրող Մարատ Եգանյանի վրա»,- նշեց Մուրազին։
Հարցին, թե Արայիկ Հարությունյանը, կամ Արցախի նախագահականից կապ հաստատել են Ձեզ հետ, Մուրազին ասաց, որ ոչ, չի էլ ցանկանում։ «Թող պատասխանատվություն կրեն այդ մարդիկ, ինձ հետ կապվելու կարիք չկա»,- եզրափակեց նա։
Irakanum.am