00:00:00

Էդվարդ Նալբանդյանը հրաժեշտի խոսքով դիմել է Հայաստանի դիվանագետներին

00:51, 15 մայիս 2018 Քաղաքականություն

Էդվարդ Նալբանդյանը՝ որպես ՀՀ արտաքին գործերի նախարար պաշտոնավարելու ավարտի կապակցությամբ մայիսի 14-ին դիմել է Հայաստանի դիվանագետներին` շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար, իսկ նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին մաղթել է հաջողություններ: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Ներկայացնում ենք Նալբանդյանի խոսքն ամբողջությամբ. «Հարգելի գործընկերներ, Տասը տարի առաջ ինձ մեծ պատիվ վիճակվեց գլխավորելու Հայաստանի արտգործնախարարությունը: Այդ տարիների ընթացքում մենք միասին կարևոր ձեռքբերումներ ենք արձանագրել: Վստահ եմ, որ գալիք տարիներին կհաջողվի կյանքի կոչել այն, ինչ դեռևս չի իրագործվել: Այս վստահությունը խարսխված է արտգործնախարարությունում ձևավորված աշխատանքային նպատակասլաց մթնոլորտի, կայացած ինստիտուցիոնալ մեխանիզմների, բանիմաց, հայրենասեր ու գործին նվիրված դիվանագիտական անձնակազմի վրա: Երբ անցյալ տարի նշում էինք մի շարք երկրների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, աներկբա էր, որ այդ համեմատաբար կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվել է ձևավորել կենսունակ մի կառույց, որն այսօր պատվով է իրականացնում իր պարտականությունները: Սա մեծ նշանակություն ունի բոլորիս համար` հատկապես նրանց, ովքեր կանգնած են Հայաստանում դիվանագիտական ծառայության կազմավորման ու կայացման հիմքերում: Վերջին տաս տարիները ամփոփող փաստերն ու թվերն առավել քան խոսուն են: Բերեմ ընդամենը մի քանի օրինակ: Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր առաջնահերթություններից մեկի` Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում վերջին տասը տարիներին տեղի են ունեցել կոնցեպտուալ փոփոխություններ, մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են: Տարիներ շարունակ մեր դիրքորոշման անկյունաքար հանդիսացող ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը՝ որպես հիմնահարցի կարգավորման հիմնական բաղադրատոմս, հստակ կերպով ամրագրվեց համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով լ՛Աքվիլլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում, Էնիսկիլենում ընդունված հայտարարություններում, որտեղ ընդգծվում է, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Սա այն դիրքորոշումն է, որին այսօր աջակցություն է հայտնում միջազգային հանրությունը: Եթե տարիներ շարունակ Ադրբեջանը պնդում էր, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ապա այսօր հասել ենք մի հանգրվանի, երբ միջազգային հանրությունն է ասում, որ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև հակամարտության հանգուցալուծման հիմքում ընկած են երեք սկզբունքներ` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման սկզբունքները, որոնք դիտարկվում են որպես մեկ ամբողջություն և նրանցից մեկին առավելություն տալու փորձերը կձախողեն խաղաղ կարգավորումը: Հայաստանը բազմիցս ընդգծել է, որ առանց Արցախի մասնակցության անհնար կլինի հիմնահարցի համապարփակ ու տևական հանգուցալուծումը: Այսօր համանախագահները կիսում են այս տեսակետը և դա ամրագրված է բանակցային գործընթացի աշխատանքային փաստաթղթերում: Ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանի, հենց վերջին տարիներին է նաև, որ եռանախագահները սկսեցին հանդես գալ Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարություններով։ Տապալվելով ղարաբաղյան հիմնախնդրի բանակցություններում՝ 2016թ. ապրիլին Ադրբեջանը նոր ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ՝ դրա միջոցով փորձելով կարգավորման իր մոտեցումները պարտադրել բանակցային գործընթացում։ Բաքուն կրկին տապալվեց, ինչի ապացույցն են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովների արդյունքները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ հայտարարությունները։ Այսօր անվարան կարելի է արձանագրել, որ միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, միջազգային ճանաչման և անվտանգության երաշխավորման հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Հայաստանը, որպես բանակցային կողմ, բազմիցս շեշտել է, որ համանախագահ երկրների հետ միասին շարունակելու է ջանքեր գործադրել այս ուղղությամբ։ Տեղի ունեցած զարգացումները հիմնավորում են մեր կողմից ընտրված մարտավարության և քայլերի ճշմարտացիությունն ու արդյունավետությունը։ Մեր արձանագրած ձեռքբերումները տարիների հետևողական ու նախանձախնդիր աշխատանքի արդյունք են։ Դրանց պահպանումն ու ամրապնդումը ևս մեծ ջանքեր են պահանջում, որպեսզի հնարավոր լինի այդ հիմքի վրա գնալ կարգավորման։ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, տասը տարիների ընթացքում հանդիսացել է մեր արտաքին քաղաքական գլխավոր առաջնահերթություններից: Այդ ժամանակահատվածում Հայոց Ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվն ավելացել է շուրջ մեկ տասնյակով, իսկ տարբեր միջազգային կառույցների և երկրների վարչական միավորների թիվը՝ մի քանի տասնյակով: Առանձնակի հիշատակման են արժանի Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, մեր համազգային համախմբվածությունը և անցկացված միջոցառումների հնչեղությունը։ Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում և այլ միջազգային հարթակներում ընդունվեցին ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վերաբերյալ մի շարք բանաձևեր: Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնությամբ 2015թ. մարտին կոնսենսուսով ընդունված բանաձևի հիման վրա, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր։ 2018թ. ապրիլին Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնությամբ կոնսենսուսով ընդունվեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վերաբերյալ ևս մեկ բանաձև, որը համահեղինակեցին վեց տասնյակ երկրներ։ Այսօր տարբեր միջազգային կառույցների բնորոշմամբ, Հայաստանն իր նախաձեռնություններով դարձել է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերի առաջամարտիկ։ Այս տարվա դեկտեմբերին «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակի կապակցությամբ Երևանը հյուրընկալելու է «Ցեղասպանության հանցագործության դեմ» 3-րդ գլոբալ ֆորումը, որը նվիրված է լինելու կրթության միջոցով ցեղասպանության կանխարգելման թեմային։ Իրականացվել են Ֆորումը պատշաճ մակարդակով անցկացնելու համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները։ Մեր երկիրն ակտիվորեն ներգրավված է եղել գլոբալ խնդիրների լուծման գործընթացներում և նախաձեռնություններում՝ ուղղված զանգվածային ոչնչացման զենքերի չտարածմանը, սպառազինությունների վերահսկմանը, միջուկային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին, ազգային և կրոնական ինքնության հողի վրա իրականացվող խտրականության ու բռնությունների զոհերի պաշտպանությանը, միգրացիոն, փախստականների խնդիրների արձագանքմանը և այլն։ Վերջին տասնամյակում մեր մշտական ուշադրության կենտրոնում են եղել արտերկրում ՀՀ քաղաքացիների և ծագումով հայերի շահերի պաշտպանությունը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին օգնության տրամադրումը։ Դրա վառ օրինակն է սիրիահայությանը ցուցաբերվող համակողմանի աջակցությունը։ Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները նախորդ տասնամյակի ընթացքում էլ ավելի են խորացել և ընդլայնվել ու գտնվում են իրենց բարձրակետի վրա: Դա արտացոլվեց Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների վերջին տարիներին կազմակերպված պետական այցերով, որոնք առաջինն էին մեր երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում: Նոր թափ ստացան քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը, ռազմատեխնիկական, ապակենտրոնացված, գիտակրթական և հումանիտար փոխգործակցությունը։ 2010թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրվեց ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին 1995թ. մարտի 16-ի պայմանագրին կից 5-րդ արձանագրությունը։ Այն նախատեսում է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանը, ՀՀ Զինված ուժերի հետ համատեղ, հանդես է գալու Հայաստանի անվտանգության երաշխավոր և այդ նպատակով Ռուսաստանը Հայաստանին տրամադրելու է ժամանակակից սպառազինություններ, ինչպես նաև հատուկ ռազմական տեխնիկա։ Համատեղ ջանքերով որակապես նոր մակարդակի վրա բարձրացավ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերությունը, պարբերական դարձան բարձր մակարդակի շփումները, ընդլայնվեց փոխգործակցությունն ամենատարբեր ոլորտներում՝ քաղաքական երկխոսությունից մինչև զարգացման ծրագրեր: Նշանակալի էին ԱՄՆ պետքարտուղարի կողմից Հայաստան կատարած իրար հաջորդող երկու այցերը: Ստորագրվեց Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, Միացյալ Նահանգներից Հայաստան ամենախոշոր ներդրումը ևս իրականացվեց վերջին տարիներին։ Դյուրացվեց վիզային ռեժիմը։ Վերընթաց զարգացում ապրեցին մեր դարավոր բարիդրացիական հարաբերությունները անմիջական հարևաններ Վրաստանի և Իրանի հետ: Մեր արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է եղել տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին ակտիվ մասնակցությունը: 2015թ.-ին Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը բխում է ռազմավարական ու տնտեսական շահերից և լայն հեռանկարներ է բացում մեր երկրի զարգացման համար: Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ ակտիվ անդամ, իր իրատեսական քայլերով ապացուցեց, որ կարող է նաև արդյունավետ համագործակցություն ծավալել ինտեգրացիոն այլ ֆորմատներում: Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների կարևորագույն հանգրվաններից դարձավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը։ Միջազգային հանրության կողմից Հայաստանը միաբերան մատնանշվում է, որպես տարբեր ինտեգրացիոն կառույցների հետ համագործակցության հաջողված օրինակ։ Մենք խորացրեցինք ավանդական բարեկամական գործընկերությունը Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Կիպրոսի, Վատիկանի, Իտալիայի, արևելյան ու կենտրոնական Եվրոպայի, սկանդինավյան ու եվրոպական այլ երկրների հետ։ Այս ժամանակահատվածում ընդլայնվել է Հայաստանի հարաբերությունների աշխարհագրությունը և ինտենսիվությունը։ Լուրջ առաջընթաց է արձանագրել համագործակցությունը Չինաստանի հետ։ Ակտիվացել են շփումները Հնդկաստանի, Ճապոնիայի, Կորեայի Հանրապետության հետ։ Արդյունավետ և գործնական փոխգործակցություն է ծավալել արաբական աշխարհի, Ասիական տարածաշրջանի, Լատինական Ամերիկայի, աֆրիկյան երկրների հետ: Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն միտված մեր նախաձեռնության շնորհիվ վերահաստատվեց միջազգային հանրության աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման Հայաստանի սկզբունքային դիրքորոշմանը, իսկ Թուրքիայի ապակառուցողական մոտեցումները համապատասխան վերաբերմունքի արժանացան միջազգային հանրության կողմից։ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է եղել միջազգային կազմակերպություններում ներգրավվածության խորացումը: Ծավալուն աշխատանք է կատարվել` ապահովելու Հայաստանի ներկայացուցիչների ընտրությունը տարբեր միջազգային կառույցներում։ Նոր նախաձեռնություններով են նշանավորվել Հայաստանի նախագահությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։ Միջազգային բարձր գնահատանքի արժանացավ մեր երկրի նախագահությունը Եվրոպայի խորհրդում։ Այս տարիների ընթացքում Հայաստանը երկու անգամ նախագահեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում։ Հունիսին Երևանում նախատեսված է անցկացնել ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ Հայաստանն ընդլայնել է իր ներգրավվածությունը միջազգային խաղաղապահ գործողություններին՝ մասնակցելով մի շարք խաղաղապահ առաքելությունների: Շարունակվել է Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության միջև փոխգործակցությունը։ Միջազգային հանրության կողմից Հայաստանի նկատմամբ վստահության և համերաշխության վառ դրսևորում էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը Երևանում անցկացնելու և աշխարհի գրեթե կեսը միավորող այս կառույցի նախագահությունը Հայաստանին փոխանցելու մասին որոշումը։ Իրականացվել են նախապատրաստական լայնածավալ աշխատանքներ։ Արդեն այսօր երկու տասնյակ երկրների ու կառավարությունների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը հոկտեմբերին կայանալիք գագաթաժողովին։ Բոլորիդ խնդրում եմ անել ամեն ինչ գագաթաժողովն ու նախատեսված Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումն ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար։ Սա ընդունեք որպես անձնական խնդրանք։ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի առաջմղման արդյունքում ամրապնդվել է փոխգործակցությունն ավանդական գործընկերների հետ, խորացել է համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային ֆինանսական ու տնտեսական կառույցների շրջանակներում, հաստատվել են միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովների գործուն մեխանիզմներ մի շարք երկրների հետ։ Հարգելի գործընկերներ, Արտգործնախարարության նոր ու հարմարավետ շենքը, ինքնին, խորհրդանշում է այն ծավալուն աշխատանքները, որ կատարվել են վերջին տարիներին մեր դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Վստահ եմ, որ այս պատերը գալիք տարիներին դեռ շատ ու շատ հաջողությունների ականատեսն են լինելու: Առանձնահատուկ ակնածանքով կցանկանայի խոսել 2009թ.-ին հիմնադրված ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի մասին, որի շուրջ 100-ից ավել շրջանավարտներ համալրել են դիվանագիտական ծառայության շարքերը՝ նոր շունչ ներարկելով մեր համակարգին: Շեշտակիորեն ընդլայնվել է մեր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրությունը՝ վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանը հիմնել է շուրջ երկու տասնյակ դիվանագիտական ներկայացուցչություն: Նույն ժամանակահատվածում Հայաստանում բացվել են տասնհինգ դիվանագիտական ներկայացուցչություններ։ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրների թիվը հասել է 175-ի: Ավելացել է Հայաստանի անդամակցությունը միջազգային կազմակերպություններին` հասնելով շուրջ հարյուրի: Այս տարիներին ստորագրվել է շուրջ ինը հարյուր միջազգային պայմանագիր: Իրականացվել են մի քանի հարյուր բարձրաստիճան փոխայցեր: Արտգործնախարարների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների մակարդակով միայն իմ հանդիպումների քանակը անցնում է հազարից: Այստեղ հավաքված արտգործնախարարության աշխատակիցների համար հասկանալի է, թե ինչ հսկայածավալ աշխատանք է թաքնված այս, առաջին հայացքից, չոր թվերի ու փաստերի հետևում, ինչ մեծ ջանքեր են դրանք պահանջել մեզնից: Այս ամենը անհնար կլիներ առանց մեր ողջ անձնակազմի տքնաջան ու անձնվեր աշխատանքի: Իմ ամենամեծ ցանկությունն ու մաղթանքն է, որ մեր դիվանագիտական ծառայությունը ջանք ու եռանդ չխնայի կրկնապատկելու համար ձեռքբերումները, որ շարունակի բարձր պահել հայ դիվանագետի պատիվը, որ լավագույնս ներկայացնի և պաշտպանի մեր երկրի և ժողովուրդի շահերը: Հայաստանում ծավալվող վերջին իրադարձությունների ֆոնին, ուշագրավ է, որ մեր երկրի վարած արտաքին քաղաքականությունը ոչ միայն քննադատության առարկա չհանդիսացավ, այլև դրա հիմնական ուղենիշերը վերահաստատվեցին տարբեր հայացքներ ունեցող քաղաքական ուժերի կողմից: Ամփոփելով տասը տարիների ընթացքում իրականացված աշխատանքը՝ ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին` որպես արտաքին գործերի նախարար Հայաստանին ծառայելու պատիվն ու հնարավորությունն ինձ ընձեռելու, ցուցաբերած աջակցության ու վստահության համար: Իմ շնորհակալությունն եմ հայտնում ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցներին` ղեկավար կազմից մինչև բոլորովին վերջերս մեր շարքերը համալրած Դիվանագիտական դպրոցի շրջանավարտներին, արտերկրում ծառայող մեր գործընկերներին, ովքեր հաճախ ամենաբարդ պայմաններում անմնացորդ նվիրումով ծառայում են իրենց Հայրենիքին, տեխնիկական անձնակազմին, ովքեր էական ավանդ ունեն մեր գերատեսչության արդյունավետ կենսագործունեության ապահովման գործում, բոլոր նրանց ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու` առաջ մղելու համար Հայաստանի շահերն ու առաջնահերթությունները: Նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին, մեր բոլոր դիվանագետներին մաղթում եմ հաջողություններ ու ձեռքբերումներ` ի փառս մեր Հայրենիքի ու հայ ժողովրդի: Շնորհակալություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր