ՀՀ չորրորդ նախագահի ընտրության արդյունքների հրապարակումը ուշագրավ բացահայտում արեց: Ինչպես հայտնի է Արմեն Սարգսյանին՝ ՀՀ նախագահ ընտրելու գործըթնացին 105 պատգամավորից մասնակցել է 101-ը: Irakanum.am-ն արդեն հրապարակել էր այն պատգամավորների անունները, ովքեր բացակա են եղել եւ ընտրությանը չեն մասնակցել: Իսկզբանե Սարգսյանի թեկնածությանը դեմ քվեարկելու մասին հայտարարել էր ընդդիմադիր Ելք խմբակցությունը: Խորհրդարանական այս խմբակցությունը ԱԺ-ում ներկայացված է 9-ը պատգամավորով: Այսօրվա քվեարկությանը չեն մասնակցել Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը: Հետեւաբար յոթ դեմ այսպես ասած ապահովել են Ելք խմբակցության պատգամավորները: Մինչդեռ ՀՀ նախագահի միակ թեկնածուն ստացել է տասը դեմ: Հարց է առաջանում, ովքեր են երեք «դավաճանները»: ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն դժվար թե գնար նման համարձակության եւ դեմ քվեարկեր Արմեն Սարգսյանի թեկնածությանը: Դաշնակցությունում շատ լավ գիտեն, որ իշխանության հետ համագործակցության հուշագիրն այնքան էլ ամուր չէ, որքան երեւում է առաջին հայացքից, եւ չէին կտրի այն ճյուղը, որի վրա նստած են:
«Ծառուկյան» խմբակցությունը եւս տեսականորեն նման քայլի չէր գնա: Իհարկե չի բացառվում նաեւ երկրորդ տարբերակը: Ի վերջո Արմեն Սարգսյանին լավ ճանաչող եւ նրան վստահություն տված Գագիկ Ծառուկյան պատգամավորը նախագահի ընտրությանը չմասնակցեց: Հայտնի չէ, թե նա երկրում է, եւ սովորության համաձայն ԱԺ նիստերին չի մասնակցել, թե գտնում է Հայաստանի սահմաններից դուրս:
ՀՀԿ խմբակցությունն ամենամեծն է խորհրդարանում: Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունում տարբեր թեւեր կան, որոնք միմյանց հետ մեղմ ասած լավ հարաբերությունների մեջ չեն: Արմեն Սարգսյան անձը ոմանց համար դիտարկվում է ոչ յուրային, եւ ինտրիգն հենց այստեղ է: Այս մասին անուղղակիորեն հայտարարեց նաեւ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինանը, ասելով, որ ՀՀԿ-ի մեջ կան ծպտյալ «ելքականներ»:
Կա նաեւ չորրորդ տարբերակը: Երեք դեմը կարող էր լինել երեք խմբակցությունից:
Իրականում երեք դեմը առաջին հայացքից կարող է անկարեւոր թվալ, քանի որ Արմեն Սարգսյանը ընտրվել է ձայների ճնշող մեծամասնությամբ, սակայն նկատի ունենալով այն հանգամանքը, որ ապրիլին ԱԺ-ը ընտրելու է երկրի առաջին դեմքին՝ վարչապետին, ապա իշխանության համար գերխնդիր է թույլ չտալ անգամ մեկ ձայնի «փոշիացում»: Իշխանությունը հիմա զբաղված է «դավաճաներին» փնտրելով: Դատելով նախկին նմանատիպ դրսեւորումներից արդյունքներն իրենց ուշացնել չեն տա:
Փայլակ Ֆահրադյան