Ղազախական Orda.kz լրատվամիջոցը գրում է․ «Ուշագրավ է այն, որ Ղազախստանում սկսված քաղաքական ճգնաժամի սկզբից ի վեր՝ ոչ պաշտոնական մարմինները, ոչ պետական հեռուստատեսություններն ու լրատվամիջոցները չեն հիշատակում Նուրսուլթան Նազարբաեւի անունը։ Չենք խոսում արդեն այն մասին, որ չի հաղորդվում, թե որտեղ է նա հիմա եւ ինչ վիճակում։

Մենք ունենք տեղեկություններ այն մասին, որ առաջին նախագահը եւ նրա դուստրերը իրենց ընտանիքների հետ հեռացել են Ղազախստանից։ Ղազախստանում հիմա միայն Նուրսուլթան Նազարբաեւի ավագ եղբայրն է մնացել՝ Բոլաթ Նազարբաեւը»։ Ի դեպ, նույն լրատվամիջոցը գրում է, որ պաշտոնական հաղորդագրություններում ու ելույթներում մայրաքաղաքը չեն անվանում Նուր-Սուլթան։

Հավելենք, որ երեկվանից որոշ ռուսական տելեգրամյան ալիքներ եւ վերլուծաբաններ շրջանառում էին այն տեղեկությունը, որ Նազարբաեւը ամենայն հավանականությամբ առաջիկայում կմեկնի Մինսկ՝ իբր թե բուժման նպատակով, եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նրան ապաստան կտրամադրի։