Հայ ֆիզիկոսները մշակում են կոմպակտ, ոչ ինվազիվ և գործածության մեջ պարզ թոքերի արհեստական օդափոխության սարք, որը կարող է կիրառվել ոչ միայն հիվանդանոցում, այլև տանը կորոնավիրուսային հիվանդությամբ այն վարակվածների համար, որոնց թոքերը շատ չեն ախտահարված և նրանք կարողանում են ինքնուրույն շնչել։

ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը հինգ հայտատուների թվում էր, որոնք 2020 թվականի ապրիլին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների աջակցմանը միտված դրամաշնորհի էին արժանացել։ Ֆիզիկոսների խումբը ֆիզ․մաթ․ գիտությունների թեկնածու Հրանտ Խաչատրյանի գլխավորությամբ 2 մլն դրամ արժողությամբ դրամաշնորհի շրջանակում արդեն ստեղծել է սարքի լաբորատոր նմուշը, հատուկ համակարգչային ծրագիր է մշակել, և այժմ պատրաստում է սարքի վերջնական մոդելը, որը հնարավոր կլինի արտադրել, եթե իհարկե, կլինիկական փորձարկումները արդարացնեն գիտնականների սպասումները։

 

Ինչպես պատմեց Հրանտ Խաչատրյանը, ՖԿՊԻ-ում երկար տարիներուսումնասիրել են ակուստիկ տատանումների ազդեցությունը զանազան ֆիզիկական պրոցեսների վրա։ Մասնավորապես, գիտնականները դիտել են, որ փակ համակարգում ցածր հաճախականության ակուստիկ տատանումների ազդեցությամբ փոշու մասնիկների վրա ազդում ենաերոդինամիկ ուժեր՝ դրանց շարժման մեջ դնելով։

 

Տատանումների տարբեր կտրվածքներ կիրառելով, փոշեհատիկները կարելի է պոկել մակերևույթից և դուրս քաշել, ինչպես դա անում է փոշեկուլը, միայն թե այստեղ միանգամայն այլ ֆիզիկական պրոցեսներ են աշխատում։ Այդ  փորձերի հիման վրա գիտնականները ենթադրեցին, որ միևնույն կերպ կարելի է հարուցել թոքերի ալվեոլաների տատանումները, ինչի արդյունքում դրանցից կպոկվեն և դուրս կմղվեն մանր մասնիկները՝ վիրուսները, խորխը։ Այդպես էլ ծագեց թոքերի արհեստական օդափոխությանսարքի ստեղծման գաղափարը, որը բաղկացած է զտիչով դիմակից, միակողմանի փականներով խողովակից՝ ներշնչման եւ արտաշնման համար և տարբեր կտրվածքների ակուստիկ տատանումներ առաջացնող մոդուլից։

 

Սարքը կարելի է օժտել նաև մեկ այլ լրացուցից գործառույթով՝ թթվածնի մատակարարումով, պացիենտի մոտ թթվածնային քաղցի առաջացման դեպքում։ Այն շատ հեշտ է կիրառման մեջ, հատուկ հիվանդանոցային պայմաններ, նաև բժշկական միջամտություններ չի պահանջում, ինչպես վերակենդանացման բաժանմունքներում տեղադրված բարդ ու թանկարժեք թոքերի արհեստական օդափոխության սարքերը։ Այն նախատեսված է շատ ավելի թեթև հիվանդների համար, ու ամբողջ իմաստն այն է, որ այդ սարքի կիրառմամբ կանխվի հիվանդության բարդացումը և նվազի ավելի բարդ սարքավորումների կարիքը։ Կային, իհարկե, կասկածներ, որ լաբորատոր փակ համակարգում ստացված ներգործությունը կարող է չաշխատել թոքի դեպքում, քանզի թոքը բարդ օրգան է, ճյուղավորված շնչառական ուղիներով։ Այսինքն, դա դասական փակ համակարգ չէ։ Կասկածները փարատվեցին, երբ խոզի թոքերի վրա կատարած փորձը տվեց նույն արդյունքը՝ ակուստիկ տատանումների ազդեցության տակ խոզի թոքերը թրթռում էին։

 

Հրանտ Խաչատրյանն ու իր գործընկերները գնահատել են թոքերի արհեստական օդափոխության այդպիսի սարքի պահանջարկը Հայաստանում և ԲՏԱ նախարարություն ներկայացրել սարքի արտադրական թողարկման բիզնես-ծրագիր։ Ըստ գիտնականի գնահատականի` մեկ սարքի արժեքը կկազմի 50-100 դոլար։ Բայց մինչ այդ անհրաժեշտ է կլինիկական հետազոտություններ անցկացնել։ Բանն այն է, որ յուրաքանչյուր մարդկային օրգան ունի իր հաճախականությունը։ Եթե սարքի ակուստիկ տատանումների և մարդու թոքերի հաճախականությունները համընկնեն, դա կարող է ռեզոնանս առաջացնել և հանգեցնել անցանկալի հետևանքների։ Գնահատել այդ ռիսկի հավանականությունը կարելի է միայն փորձնականորեն, զանազան կտրվածքներով ձայնային տատանումներ կիրառելով և պացիենտների վիճակի մասին տվյալները հավաքագրելով։

 

Հրանտ Խաչատրյանը, ինչպես իսկական գիտնական, սարքը փորձարկել է իր վրա, և ասում է, որ փոքր ինչ առույգացում զգաց, ինչպես մաքուր օդին զբոսնելիս։ Բայց հարկ է սարքը փորձարկել հիվանդների վրա, նրանց ինքնազգացողության և սատուրացիայի փոփոխությունը գնահատելու համար, ինչպես նաև որոշելու, թե որքան երկար կարելի է կամ հարկ է շնչել այդպիսի սարքով լավ արդյունք ստանալու համար։ Եթե կլինիկական փորձարկումները հաջող անցնեն, ապա հնարավոր է, որ ԲՏԱ նախարարությունը ֆինանսավորի սարքի ներդրումն արտադրության մեջ։