ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի գրառումը.

«Պարզվում է՝ Փաշինյանի բարձրաձայնմամբ, պաշտոնական Բաքվի ու թուրքամետ այլոց ջանքերով արդեն պետք է սկսվի ադրբեջանցիների, այսպես կոչված, վերադարձն Արցախ: Բաքվում հայտարարում են, թե իրենց մոտ շուտով կսկսի գործել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։ Իսկ ողջ Ադրբեջանի, սկսյալ Բաքվից ու Գանձակից, Սումգայիթից մինչև բռնազավթված Շահումյանի, Գետաշենի, Հադրութի և Շուշիի… հայ փախստականների իրավունքների մասին ո՞վ պետք է հոգ տանի: Ինչպես արդարացի նշում է Ադրբեջանահայերի միության նախագահ Գրիգորի Այվազյանը՝ ադրբեջանցիների մասին հոգ տանելուց առաջ անհրաժեշտ է բոլոր միջազգային ատյաններում բարձրացնել այն հարցը, որ բնիկ հայ բնակչությունը վաղուց ի վեր ապրել է Ադրբեջանին ենթակա ներկայիս տարածքներում և միմիայն էթնիկ զտումների՝ ցեղասպանության արդյունքում է վտարվել իր բնակավայրերից:

 

«Դրա մասին մենք պետք է խոսենք, թե ավելի քան կես միլիոն հայության հետ ի՞նչ է եղել Ադրբեջանում։ Մենք պետք է խոսենք այն մասին, թե ինչ է եղել նրանց ունեցվածքի հետ, որը տարբեր հաշվարկներով՝ հասնում է մինչև 100 մլրդ դոլարի։ Ի՞նչ է եղել հայերի պատմամշակութային ժառանգության հետ, մեր հայկական գերեզմանների հետ»,– արձանագրել է Այվազյանը։ Այս գերկարևոր և հրատապ հարցերը ներկայումս իրեն ՀՀ կառավարություն համարող կուսակցության օրակարգում ինչո՞ւ տեղ չեն գտնում…. ինչ ազգային խտրականություն է 2020 թվականի նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության 7-րդ կետի առումով. «Ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հսկողության և կառավարման ներքո»…..»: