Բանգլադեշի գլխավոր զբոսաշրջային հանգստավայրի իշխանությունները փակել են լողափի՝ միայն կանանց եւ երեխաների համար նախատեսված հատվածը սոցիալական ցանցերում սեռերի տարանջատման դեմ բողոքի ակցիայից հետո:
Չորեքշաբթի կեսօրին Քոքս Բազարի պաշտոնյաները բացել են աշխարհի ամենաերկար բնական ծովափի ափամերձ հատվածը՝ որպես բացառիկ տարածք կանանց եւ երեխաների համար:
Սակայն մի քանի ժամ անց վարչակազմը մամուլի հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում էր, որ «բացասական մեկնաբանություններից հետո վարչակազմը հետ է կանչել իր որոշումը»։
Քոքս Բազարի բարձրաստիճան պաշտոնյա Աբու Սուֆիանը AFP-ին ասել է, որ մահմեդական մեծամասնություն ունեցող երկրում ծովափի այդ հատվածը ստեղծվել է պահպանողական կանանց խնդրանքով: «Նրանք խնդրեցին լողափի մի հատված առանձնացնել, քանի որ մարդաշատ վայրում իրենց անվստահ էին զգում», - ասել է նա:
Այս ամսվա սկզբին Քոքս Բազարում կնոջ խմբակային բռնաբարությունը կանանց անվտանգության համար բողոքի ցույցերի պատճառ դարձավ:
Սակայն լողափի մի հատվածը շրջափակելու որոշումը սոցցանցերում զայրույթի փոթորիկ է առաջացրել, եւ քննադատներն ասում են, որ դա սադրում է կոշտ իսլամիստներին, ովքեր դեռեւս զգալի ազդեցություն ունեն երկրում:
«Սա Թալեբիստանն է», - Facebook-ում գրել է լրագրող Սայեդ Իշտիակ Ռեզան՝ նկատի ունենալով Աֆղանստանում գործող «Թալիբան» շարժումը։
Մեկ այլ օգտատեր որոշումը համեմատել է կոշտ իսլամիստական գաղափարախոսության հետ:
Հանգստյան օրերին հարյուր հազարավոր մարդիկ են այցելում Քոքս Բազար, իսկ զբոսաշրջության ոլորտը վերջին տարիներին վերելք է ապրում:
Աճող զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նպատակով իշխանությունները ստեղծել են զբոսաշրջային ոստիկանության ստորաբաժանում, որը պարեկություն է իրականացնելու ափամերձ քաղաքներում: