00:00:00

Հաջորդ տարի ևս ունենք գնաճի կանխատեսումներ. կառավարությունը դրա հետևանքները մեղմելու քայլեր չի նախատեսում. Պատգամավոր

18:58, 30 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Պետությունը մեծ հաշվով չի կատարում քաղաքացիների նկատմամբ ունեցած սոցիալական պարտավորությունները: Տարվա կեսին պարզվեց, որ մենք խնդիրներ ունենք պետպատվերով բուժում ստանալու հետ կապված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ: Տիկին Կիրակոսյան, Հայաստանը 2021 թվական էր մտել լրջագույն խնդիրներով և մարտահրավերներով: Ամփոփելով անցնող տարին՝ ըստ Ձեզ, որքանո՞վ է հաջողվել հաղթահարել դրանք: Ցավով պետք է նշեմ, որ անցնող տարում ոչ միայն չի հաջողվել հաղթահարել այդ մարտահրավերները, այլև դրանք ավելի են ահագնացել, առաջացել են նորերը: Եթե խոսեմ սոցիալական ոլորտից, բոլորիս համար շատ շոշափելի է երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը, այստեղ ինչ-որ վիճակագրություն ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Կառավարությունը չկարողացավ անգամ գնաճի տեմպերը պահել իր կողմից արվող կանխատեսումների շրջանակներում, էլ չեմ խոսում գնաճը զսպելու մասին: 2022 թվականի համար ևս ունենք գնաճի կանխատեսումներ, իսկ կառավարությունը, ինչպես տեսնում ենք 2022 թվականի բյուջեում, դրա հետևանքները ժողովրդի համար մեղմելու քայլեր չի նախատեսում: Պետությունը մեծ հաշվով չի կատարում քաղաքացիների նկատմամբ ունեցած սոցիալական պարտավորությունները: Տարվա կեսին պարզվեց, որ մենք խնդիրներ ունենք պետպատվերով բուժում ստանալու հետ կապված: Սոցիալական խնդիրներն իրականում շատ-շատ են, սակայն մտահոգիչը ոչ թե դրանց քանակն է, այլև դրանք հաղթահարելու ուղղությամբ կառավարության գործողությունները կամ հաճախ անգործությունը: Սակայն, պետք է արձանագրեմ, որ 2021 թվականի հիմնական ու ամենամեծ մարտահրավերները սոցիալական ոլորտում չէին: Այս տարին կատարյալ ձախողում էր անվտանգային տեսանկյունից: Մայիսից երկրի տարածքում ունենք ադրբեջանական զինուժ, սահմանին բավականին հաճակախի էին սրացումները՝ այդ թվում զոհերով, վիրավորներով և գերիներով: Արցախյան կարգավորման հարցում ոչ միայն չունենք առաջընթաց, այլև, կարծես թե, չկա անգամ նման գործընթաց: Այս տեսանկյունից բավականին մտահոգիչ էին վերջին առցանց ասուլիսում, ապա նաև ֆեյսբուքյան գրառումներում, բանակցային գործընթացի կարգավորման տարրերի մասին Փաշինյանի իբրև թե մեկնաբանությունները: Ավելի ադրբեջանամետ մեկնաբանություններ, մանիպուլյացիաներ ուղղակի անհնար էր պատկերացնել, կարծում եմ, անգամ Ալիևի համար: Ձեր կարծիքով, Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի մասին հնչեցրած նման գնահատակներով ի՞նչ խնդիր է փորձում լուծել: Մի կողմից սա փորձ էր պաշտպանվելու իրեն ուղղված մեղադրանքներից, որոնք միանգամայն օբյեկտիվ են և հիմնավոր: Փաշինյանը թերևս պատմության ամենաապիկար բանակցողն է: Նա, բանակցային գործընթացում հայկական կողմերի ձեռքբերումները քայլ առ քայլ փոշիացնելով, փորձում է քողարկել իր ապիկարությունը և հերթական անգամ իր մեղքը բարդել ուրիշների վրա: Միևնույն ժամանակ այդ ստերի, մանիպուլյացիաների շքերթն ուղերձ էր մեր հանրությանը, միջազգային գործընկերներին, արդեն հանրայնացվող ուղերձ այն մասին, որ Հայաստանը Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված ձեռքերը լվանում է: Ինչո՞ւ հանրայնացվող, քանի որ դիվանագիտական խողովակներով այս ուղերձն արդեն բավականին երկար ժամանակ է հղվում է, և դրա արդյունքները մենք արդեն տեսել ենք, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների վերջին հայտարարության, Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության: Սակայն այստեղ ամենամտահոգիչը թերևս Փաշինյանի կողմից հնչեցրած գնահատականների վտանգավորությունն է հետագայում մեր բանակցային դիրքերի համար: Փաշինյանը նպատակաուղղված ջախջախում է հայկական կողմի զինանոցում եղած բոլոր փաստարկները և հիմնավորումները: 2022 թվական ենք մտնում օրակարգում ունենալով  տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելը: Ինչպե՞ս եք գնահատում այդ նախաձեռնությունը և ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ դրանից, ըստ Ձեզ: Պարտությունների էջը չփակած, անընդհատ միակողմանի զիջումներ անող, իր երկրի տարածքում հակառակորդի զինուժի ներկայություն ունեցող պետության ղեկավարի կողմից թմբկահարվող խաղաղության դարաշրջան բացելու նախաձեռնությունն ուղղակի աբսուրդային է հնչում: Ե՛վ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ խաղաղությունը լինելու է բացառապես վերջիններիս նախապայմաններն անվերապահ կատարելու դիմաց, գործընթացն առնվազն դա է ցույց տալիս: Փաշինյանն ինչ-որ խաղաղության դարաշրջան է փորձում բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնք շարունակում եմ մեզ հետ խոսել ուժի և ուժի կիրառման սպառնալիքի լեզվով և նախապայմաններ թելադրել: Ե՛վ Անկարայի, և՛ Բաքվի կողմից մեր առջև դրվող հիմնական նախապայմաններից է Ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանի ցանկություններով կարգավորելն ու այդ էջը փակված համարելը: Նոյեմբերի 9-ից հետո այդ նախապայմանն օրակարգից դուրս չի եկել: Այդ մասին պաշտոնական հայտարարություն չկա ո՛չ Անկարայից, ո՛չ Բաքվից, ուստի խաղաղության էջ բացող Փաշինյանը փորձելու է կատարել այդ նախապայմանը: Փաշինյանի կողմից Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի որոշակի էլեմենտների շուրջ իբրև թե մեկնաբանություններն այդ ուղղությամբ հերթական քայլն էին: Թուրքիայի կողմից առաջ քաշվող մյուս նախապայմանը կատարելու հակվածություն ևս նկատվում է: Խոսքը Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու մասին է: Փաշինյանի թիմի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ նույնիսկ հրաժարվում էին 1915 թվականի իրադարձությունների հետ կապված Ցեղասպանություն բառն օգտագործել: Վերջին ասուլիսում Ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարվելու Թուրքիայի նախապայմանի վերաբերյալ հարցի հետ կապված Փաշինյանը փորձեց հնարավորինս խուսափողական պատասխան տալ՝ փորձելով հանրության մոտ թյուր տպավորություն ստեղծել, որ Թուրքիան այդ հարցում նախապայման չունի: Սակայն այս նախապայմանն օրակարգից հանելու մասին նույնպես Անկարայից պաշտոնական հայտարարություն չկա: Մյուս նախապայմանը Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչելն է, և վստահ եմ, որ առաջիկայում դա իրականացնելու ուղղությամբ ևս իշխանությունները որոշակի քայլեր կիրականացնեն: Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու այս նախապայմաններին, ի դեպ, Թուրքիան նորն է ավելացրել՝ Հայաստանից պահանջում է տրամադրել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»: Ամփոփելով նշեմ, որ իրադարձությունների դինամիկան և տրամաբանությունը հուշում են, որ 2022 թվականը նույնպես բավականին բարդ է լինելու Հայաստանի համար՝ լի բազմաթիվ մարտահրավերներով: Թե որքանով մենք դրանք կկարողանանք հաղթահարել, փակելով այս չավարտվող պարտության էջը, մեծապես կախված է մեզանից և յուրաքանչյուրիցս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր