00:00:00

Թուրքիան նոր նախապայմաններ է դնելու Հայաստանի առաջ

21:22, 25 մարտ 2026 Քաղաքականություն

Հայաստանի իշխանությունները Հայոց Ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հարցը հանել են արտաքին քաղաքական օրակարգից՝ այն համարելով հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ճանապարհին պատնեշ, խոչընդոտ, խանգարող նախապայման։ Նախորդ տարիներին Նիկոլ Փաշինյանը արել է այնպիսի հակահայկական հայտարարություններ, որոնք դատապարտել է անգամ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը։

Անցած տարի Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը, պատասխանելով Հայոց ցեղասպանության մասին հարցին, ասել էր, որ «պետք է հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ, ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել»։ Նա հավելել էր՝ «ինչպե՞ս է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չկար և ինչպե՞ս է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ է հայտնվել»։ Նա հայտարարել էր՝ Հայոց ցեղասպանության պատմությանը «վերադառնալու» անհրաժեշտության մասին։ Լեմկինի ինստիտուտը դատապարտեց Փաշինյանի այս վարքագիծը՝ նշելով, որ ՀՀ ղեկավարի հայտարարությունները կրկնում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական թեզերը։ Այս հայտարարությունները, ըստ կառույցի, հատկապես տագնապալի են՝ ելնելով Հայաստանի արտգործնախարարության կողմից Հայոց ցեղասպանությունն արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ցանկից հանելու վերջին որոշման լույսի ներքո, ինչը վտանգի տակ է դնում զոհերի և նրանց ժառանգների իրավունքները։

Մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետության տարիները պետական մակարդակով առաջնահերթություն էր տրվում Հայոց Ցեղասպանության ուսումնասիրությանը, գիտահետազոտական աշխատանքներին։ Այս իշխանությունների օրոք գործընթաց չենք տեսնում։ Պատմաբան Խաչատուր Ստեփանյանը «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում ասաց, որ պետական մակարդակով դադարեցվել է ցեղասպանության հետ առնչվող ցանկացած գործողություն. «Սկսած ցեղասպանության միջազգային ճանաչմանն աջակցելու գործընթացից՝ ավարտած նաև ցեղասպանության վերաբերյալ հրապարակումների խրախուսմամբ, որն ըստ էության բխում է՝ թուրքերին հաճոյանալու օրվա իշխանության քաղաքականությունից։

Բայց պետք է նշեմ, որ պատմաբանների հանրույթը իր գործը շարունակում է անել, անկախ պետության ֆինանսավորումից, որովհետև պատմաբանները գիտակցում են, որ սա առաքելություն է ոչ միայն իրենց գործի, այլև սերունդների և Ցեղասպանության նահատակների հիշատակի առջև»։ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը արտաքին քաղաքական օրակարգից դուրս թողնելն ինքնին նախապայման է հենց Թուրքիայի կողմից, ինչպես նաեւ նախապայման է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Պատմաբանը մտավախություններ ունի՝ Թուրքիան վաղը կարող է նոր նախապայմաններ կդնել, օրինակ՝ Հայաստանում ապրած ադրբեջանցիների վերադարձ։ «Թուրքիան, ի դեպ, հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը մեծապես պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը դեռ շատ հեռու է ավարտական տեսքի հասնելուց»,-ընդգծեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր