Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն COVID-19-ի դեմ չի պատվաստի իր 11-ամյա դստերը, հայտնում է Reuters-ը։
Բոլսոնարոն ասել է, որ երկրի առողջապահության նախարար Մարսելո Կեյրոգան հունվարի 5-ին կպատմի այն մասին, թե ինչպես է Բրազիլիան 5-11 տարեկան երեխաների շրջանում իրականացնելու կորոնավիրուսի դեմ պատվաստման ծրագիրը, որը հաստատվել է այս ամսվա սկզբին։
Երեխաների պատվաստումը բուռն թեմա է Բրազիլիայում, որտեղ Բոլսոնարոյի հիմնական կողմնակիցները շատ դեմ են արտահայտվում այդ միջոցառմանը, թեեւ բնակչության ճնշող մեծամասնությունը պատվաստման կողմնակից է:
Հոկտեմբերին առողջապահության ազգային կարգավորող Anvisa-ն հայտարարել էր, որ իր աշխատակիցները մահվան սպառնալիքներ են ստացել այդ հարցի հետ կապված: Երբ Anvisa-ն հաստատել է պատվաստումները 5-11 տարեկան երեխաների համար, Բոլսոնարոն վեճերի պատճառ է դարձել՝ ասելով, որ կցանկանար հրապարակել այն պաշտոնյաների անունները, ովքեր ստորագրել են թույլտվությունը:
Դեկտեմբերի 23-ին առողջապահության նախարար Կեյրոգան հրահրել էր հետագա վեճերը, երբ հայտարարել էր, որ երեխաների շրջանում COVID-19-ից մահացությունների թիվը չի արդարացնում հարցի արտակարգ լուծումը:
Կորոնավիրուսի հարցով կառավարական խորհրդատվական մարմինը հայտնել է, որ Բրազիլիայում 5-11 տարեկան 301 երեխա է մահացել COVID-19-ից։
Ինքը՝ Բոլսոնարոն, հրաժարվել է պատվաստումից եւ բազմիցս կասկածի տակ է դրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետությունը։