Չնայած ֆինանսական ճգնաժամին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ երկիրը հնարավորություն ունի հայտնվելու աշխարհի լավագույն 10 տնտեսությունների մեջ։

Նրա խոսքով՝ տնտեսության մեջ կառավարության մշակած գործիքները երկիրը փրկեցին «արատավոր շրջանից»։ «Տնտեսության մեջ մեր անցած ճանապարհի եւ մեր մշակած գործիքների օգնությամբ մենք փրկել ենք երկիրը այն արատավոր շրջանից, որում նա անցյալում հայտնվել էր։ Դուրս են քաշել անկայունության անիվների տակից, որտեղ նա խրված էր, եւ անապահովության մեխանիզմից… Մեր ճանապարհը ներդրումներն են, զբաղվածությունը, արտադրությունը, արտահանումն ու աճը։ «Մեր նպատակն է դառնալ աշխարհի լավագույն 10 տնտեսություններից մեկը», — ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի (TÜBİTAK) եւ Թուրքիայի գիտությունների ակադեմիայի (TÜBA) գիտական ​​մրցանակների հանձնման արարողության ժամանակ, փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն։

Թուրքիայի ֆինանսական համակարգը վերջին մեկ տարվա ընթացքում լիրայի արժեզրկման պատճառով ծանր ժամանակներ է ապրել։ Թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է ԿԲ-ի զեղչային տոկոսադրույքի մի քանի անընդմեջ կրճատումներից հետո. դեկտեմբերի 20-ին դոլարը հասել է ռեկորդային 18.4 լիրայի, մինչդեռ դեռ հունվարին այն արժեր 7.4 լիրա։ Էրդողանի՝ փոխարժեքի անկայունությանը հակազդելու նոր միջոցների մասին հայտարարություններից հետո, թուրքական արժույթի անկումը փոխարինվել է զգալի աճով, սակայն այս շաբաթ լիրան շարունակել է անկումը։