00:00:00

ՔՊ-ականները նոր պաշտոններ են ստանում․ Առավոտ

03:35, 26 դեկտեմբեր 2021 Քաղաքականություն

Aravot.am-ի  տեղեկություններով, Գյումրու քաղաքապետարանում  նոր նշանակումներ են կատարվում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը համաձայնագիր ստորագրեց  «Բալասանյան դաշինք»-ի  հետ՝ ստանալով երկու փոխքաղաքապետերի պաշտոնը, այժմ անցել է բաժնի պետերի  ու տեղակալների պաշտոններ  ստանալուն։ Այսպես՝ գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի բաժնի պետի տեղակալ է նշանակվել Վահան Ձվակերյանը, որը երկար տարիներ  աշխատել է առևտրի ոլորտում․ տեխնիկայի խանութներից մեկի մենեջերն էր, վերջին տարիներին էլ աշխատում էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող ռեստորանում։ Ի դեպ, քաղաքապետարանում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում․ շուտով առևտրի և սպասարկման բաժինը կառանձնանա  գովազդի բաժնից, ու Վահան Ձվակերյանը կդառնա առևտրի ու սպասարկման բաժնի պետը։ Գովազդի բաժինը կմնա Սամվել Բալասանյանի թիմի ամենահավատարիմ անդամներից մեկին՝ Հարություն  Թադևոսյանին։ Վերջինս Գյումրու ամենակոլորիտային դեմքերից մեկի՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի փեսան է։ ՔՊ-ն  ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի պաշտոնում առաջարկել  է Անի Քոչարյանի թեկնածությունը։ Վերջինս Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբոր՝ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ  Արման Բաղդասարյանի կինն է։ Մեզ տեղեկացրեցին, որ  Անի Քոչարյանն աշխատում է իրենց ընտանիքին պատկանող  «Ցայգ» հեռուստաընկերությունում,  նաև ՇՊՀ-ի ուսանողուհի է, սովորում է  մագիստրատուրայի՝ կրթության կազմակերպում բաժնում։ Իշխող կուսակցությունն անշարժ գույքի կառավարման բաժնի պետի պաշտոնում առաջարկել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ղեկավար Գևորգ Գրիգորյանի թեկնածությունը, որը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանի որդին է։ Նշենք, որ այս բաժնի պետը Աղաս Ղազարյանն է, որը նախկին «գայիշնիկ» է։ Այս բաժնում կառուցվածքային փոփոխություն է սպասվում․ պատրաստվում են երկու բաժիններ առանձնացնել։ ՔՊ-ն ակնկալում է նաև քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետի  պաշտոնը։ Մեր տեղեկություններով, մինչև տարեվերջ նշանակումները կկատարվեն, այս պահին Գյումրու քաղաքապետարանից վերոհիշյալ անձանց պահով հարցումներ են ուղարկվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Դեռ պատասխան չեն ստացել, հարցման պատասխանը ստանալուն պես՝ նշանակումներ կանեն։ Ավելի մանրամասն կարդացեք Առավոտում։   Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր