Մեր ցուցակում ընդգրկված 2 անձի հանդեպ ճնշումներ են եղել, փորձել են մնացածի նկատմամբ էլ ճնշումներ գործադրել, բայց չի ստացվել՝ հոգեբանորեն են փորձում ճնշել, համայնքային ծառայողներին, մարզպետարանից են զանգում։ Այս մասին Մասիս քաղաքում հրավիրված նախընտրական հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մասիսի գործող քաղաքապետ, «Դավիթ Համբարձումյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը՝ անդրադառնալով նախընտրական փուլում ստեղծված իրավիճակին։
«Մարզպետարանի մի ներկայացուցչի հետ խոսելիս հարցրի՝ ինչու՞ եք նման բան անում, ասաց՝ մարզպետարանի ենթակայության տակ գործող աշխատողները պետք է մարզպետարանին լսեն, ասացի՝ ցավում եմ, որ մարզպետարանը մինչեւ հիմա չի հասկացել, որ համայնքային ծառայողը մարզպետարանի ենակայության տակ աշխատողը չի։ Մեր թեկնածուների վրա որեւէ ազդեցություն չկարողացան ունենալ՝ 2 հոգի է դուրս եկել ցուցակից՝ ես եմ հորդորել այդպես անել, որովհետեւ մարդկանց ստիպում էին, որ իրենց երեխաներն ազատվեն աշխատանքից։ Մարդկանց ստիպելով չեն կարող հավաքել, իրենց կամքով նրանք պետք է գան հանրահավաքի։ Մեր սիրելի մանկավարժներին ես կոչով դիմեցի՝ խորը հարգանք եմ նրանց նկատմամբ տածում։ Կարծում եմ՝ մանկավարժներին նույնպես ստիպելով չեն կարող քվեարկության տանել, կարող է՝ հանրահավաքի կարողանան տանել, բայց դա չեմ կարծում՝ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենա»,- ասաց Համբարձումյանը։