00:00:00

Նախադպրոցական հաստատություններում մանկավարժները կընտրվեն մրցույթով. նոր նախագիծ

15:18, 03 դեկտեմբեր 2021 Քաղաքականություն

Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական հաստատությունների մանկավարժների ընտրության կարգի նախագիծը։ Նախադպրոցական կրթության ոլորտում մինչ այս ներդրված չեն եղել մանկավարժական աշխատողների ընտրության և նշանակման մեխանիզմներ: Իրավակարգավորումից բացի՝ տնօրենների կամայական մոտեցումների հետևանքով հաճախ նախադպրոցական հաստատություններ են մուտք գործում անհրաժեշտ մանկավարժահոգեբանական գիտելիքներ և հմտություններ չունեցող անձինք: ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է, որ մանկավարժական աշխատողների ընտրության միասնական կարգի սահմանումը թույլ կտա մրցութային եղանակով համակարգը համալրել որակյալ կադրերով: Նախադպրոցական կրթական ծառայությունների արդյունավետության բարձրացումը կարևոր պահանջ է մանկապարտեզից դպրոց երեխաների սահուն անցման համար, որն անմիջական ազդեցություն կունենա տարրական դասարաններում սովորողների կրթական արդյունքի վրա: Կհայտարարվի մրցույթ Նախագծով սահմանվում է, որ նախադպրոցական հաստատությունում թափուր տեղ առաջանալու դեպքում 3-օրյա ժամկետում հայտարարվում է մրցույթ: Եթե մրցույթը չի կայանում, անկախ պատճառներից՝ թափուր տեղը լրացնելու համար առնվազն ամիսը մեկ անգամ հայտարարվում է նոր մրցույթ մինչև հաղթող ճանաչվելը: Թափուր տեղի մասին հաստատության տնօրենը տեղյակ է պահում համայնքի ղեկավարին: Մրցույթի հայտա¬րա¬րու¬թյունը հրապարակվում է համայնքի և մարզպետարանի պաշտոնական կայքերում: Հայտարարության տեքստում նշվում են հաստատության անվանումը, թափուր տեղի անվանումը` դրույքաչափով, պահանջվող փաստաթղթերի ցանկը, դրանց ընդունման վերջնաժամկետը, մրցույթի անցկացման օրը, ժամը, տեղը: Մրցույթին մասնակցելու մասին փաստաթղթերն ընդունվում են պաշտոնական հրապարակման օրվանից` 20 աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթի անցկացման օր նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Ովքեր կարող են դիմել նախադպրոցական հաստատության մանկավարժի համար Մրցույթին կարող է մասնակցել որակավորման պահանջներին համապատասխանող անձը՝ ներկայացնելով •             դիմում (Ձև 1), •             կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ), •             անձը հաստատող փաստաթուղթ, •             աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), •             ինքնակենսագրություն (Ձև 4), •             մեկ լուսանկար` 3x4 չափսի, •             այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, •             ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ, •             հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում), •             որակավորման տարակարգ (առկայության դեպքում): Մրցույթին մասնակցելու իրավունք չունի դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված, մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված անձը, ինչպես նաև նա, ով դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ (բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործության համար): Մրցույթին չի կարող դիմել նաև մանկավարժական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությամբ տառապող անձը (ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը): Մրցույթ ` գրավոր և բանավոր փուլերով Մրցույթը կանցկացվի երկու փուլով` գրավոր և բանավոր: Յուրաքանչյուր փուլի համար նախարարության կողմից մշակվում է հարցաշար՝ կազմված 50 հարցից և դրանց ճիշտ պատասխաններից: Հարցաշարերը հաստատվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և հրապարակվում նախարարության պաշտոնական կայքէջում: Գրավոր փուլի համար յուրաքանչյուր հաստատություն կազմում է թեստային առաջադրանք: Յուրաքանչյուր հարց ունի երեք ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ է: Գրավոր փուլի համար տրվում է 120 րոպե, յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր, սխալ պատասխանը` 0: Անցողիկ շեմը համարվում է հաղթահարված՝ առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում: Բանավոր փուլի ժամանակ մասնակիցը վիճակահանությամբ բանավոր առաջադրանքների հարցաշարից ընտրում է 5 հարց, պատրաստվելու համար տրվում է 15 րոպե ժամանակ: Հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով քվեարկության արդյունքում հավաքել է հանձնաժողովի անդամների կողմ ձայների կեսից ավելին: Ե՛վ գրավոր, և՛ բանավոր փուլերի արդյունքները կարող են բողոքարկվել հրապարակվելուց հետո՝ 1 ժամվա ընթացքում: Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը: Հաղթող ճանաչված մասնակցի հետ տնօրենը սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր է կնքում: Եթե մրցույթում հաղթող են ճանաչվել մեկից ավելի մասնակիցներ, ընտրությունը կատարում է հաստատության տնօրենը: Մրցութային հանձնաժողով Մրցութային հանձնաժողովը կազմված է 5 անդամից` հաստատության տնօրենի գլխավորությամբ: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե մասնակցում են առնվազն 4 անդամներ: Քվորում չապահովվելու դեպքում նիստը կարող է հետաձգվել 2 անգամ` 3 աշխատանքային օր ժամկետով: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են առնվազն 4 կողմ ձայներով: Մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչներ: Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 14-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր