00:00:00

Գերեվարված զինվորի կինը տարակուսած է՝ ի սկզբանե հայտարարվել է 13 գերու մասին, իսկ հիմա ասում են «24 +8». «փոխանցված մահացածների դիերը վարչապետը 13 գերիների թվից է հանե՞լ»

00:29, 01 դեկտեմբեր 2021 Քաղաքականություն

Նոյեմբերի 14-16-ին ՀՀ արևելյան սահմանում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված զինծառայողների հարազատները գրեթե երկու շաբաթ է պատկան մարմիններից կոնկրետ տեղեկություններ ստանալ չեն կարողանում։ Ըստ պաշտոնական աղբյուրների, այս պահին ավելի քան 30 գերի ունենք, սակայն հարազատներն անտեղյակ են՝ կան գերիների հաստատված ցուցակներ թե ոչ, որտեղ է գտնվում զինվորը, ում հետ վերջին անգամ կարողացել են կապ հաստատել նոյեմբերի 16-ին։ Զինծառայողների հարազատներից շատերը ադրբեջանական աղբյուրների կողմից տարածված տեսանյութերից են հասկացել, որ տղաները գերեվարված են։ Նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողներից մեկի կինը «Փաստինֆո»-ին պատմել է, որ մինչև օրս տեղեկություն ամուսնու մասին պատկան մարմիններից չի կարողանում ստանալ. Դիմել են թե ՊՆ-ին, թե ԱԱԾ-ին, թե Կարմիր խաչին, սակայն ոչ մի պատասխան չունեն։ «Մեզ հետ ոչ ոք չի կապվել, ոչ մի տեղից չեն զանգել, ոչ մի տվյալ չեն տվել։ Նույն վիճակն է։ Մեր զանգերին չեն պատասխանում ՊՆ-ից։ ԱԱԾ-ից էլ ասում են` «դեռ տվյալներ չունենք», միայն այդ պատասխանն են հայտնում։ Դիմել ենք նաև Կարմիր խաչ, բոլոր տեսանյութերը ու տվյալները փոխանցել ենք ու նորից ոչ մի արձագանք։ Իրենք էլ են ասում, որ սպասում են տեղեկությունների, ոչ մի նոր բան չունեն»։ Զինծառայողի կնոջ խոսքով՝ անգամ հաստատումների մասին տեղեկություններ չունեն, չգիտեն, թե քանի գերի է, ի վերջո, Բաքվում պահվում։ «Ինչպե՞ս պետք է դա հաստատեն։ Իրենք նույնիսկ թվերը չեն ասում, ուր մնաց հաստատված գերիների անուններն ասեն։ Իրենք ասում են՝ մենք դեռ տեղեկություն չունենք, այստեղից ամեն ինչ ուղարկված է, սպասում ենք, որ այնտեղից պատասխանը գա, ոչ մեկի անունը չկա, հաստատ թիվ չկա, ոչ մի տվյալ չկա։ Մենք միայն տեսանյութերով ենք տեսել, գիտենք գերի է ու վերջ»։ Դիտարկմանը, որ վարչապետը առցանց ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ գերիների թիվը 32-ն է, որից հետո միայն մեկ զինծառայողն է վերադարձվել, գերեվարված զինծառայողի կինը նշեց, որ անգամ այս թվային տվյալները հստակ չեն՝ հիշեցնելով, որ ՀՀ ՊՆ-ն էլ նախկինում հաղորդել էր 13 գերիների մասին։ «Ես 24 գումարած 8-ը չեմ հասկանում ճիշտն ասած։ Սկզբում նշում էին 13 գերիների մասին, հիմա մահացածների դիերը, որ փոխանցել են, ինքը այդ 13 գերիների՞ց է հանում ու թիվ ասո՞ւմ»։ Գերեվարված զինծառայողի կինը ավելի վաղ հայտնել է, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ալիքներում տարածված լուսանկարով է ամուսնուն ճանաչել, իմացել, որ գերեվարված է, ապա տեղադրել էր սոցկայքում, որից հետո ադրբեջանական կողմը ակտիվ տեսանյութեր էր սկսել տարածել, որտեղ երևում էր նաև ամուսինը։ Սակայն նոր տեսանյութեր այլևս չեն ուղարկել, ինքն էլ տվյալները սոցկայքերից հեռացրել է։ «Մենք դեռ սպասում ենք պետական կառույցների արձագանքին։ Մեզ դեռ ոչ մի բան չեն ասում՝ ոչ կարմիր խաչը, ոչ ՊՆ-ն, ոչ ԱԱԾ-ն։ Իրենց ասելով, բոլոր գործողություններն անում են, որ հարցը լուծվի, բայց տեսանելի դեռ ոչինչ չկա, ոչ մի բան չի փոխվում»։ Գերեվարվածի կինը նշեց, որ բացի սպասելուց, ոչինչ չեն կարողանում անել։ Ամեն օր այցելում են մարզպետարան, սակայն որևէ աջակցություն չեն ստանում։ Զինծառայողի կինը ընտանիքի ֆինանսական խնդիրների մասին նախընտրեց լռել, սակայն նշեց, որ տանը երկու անչափահաս երեխա է մեծանում։ Վերջին անգամ ամուսնու հետ խոսել է նոյեմբերի 16-ին՝ ժամը 12-12։30-ի սահմաններում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր