«Ոստիկանը մերն ա... »: Թավշյա հեղափոխության օրերին ամենաշատը վանկարկվող նախադասությունն էր: Հայաստանում ոստիկանությունը կարծում եմ շատերը համակարծիք կլինեն, որ բարեփոխումների փուլ անցավ, ինչ-որ տեղ ստացվեց, ինչ-որ տեղ՝ դեռ կայանալու ճանապարհին է: Խորհրդային միլիցիա... այսպես էինք շատերս ընկալում ոստիկանությանը: Հետո տարիները հարթեցին նաեւ այդ բառը: Միլիցիան դարձավ ոստիկան, որի կերպարը ընդունվեց, գուցե քչերի համար, բայց ընդունվեց:
Մշտապես հրապարակավ հայտնել եմ տեսակետս ոստիկանության վերաբերյալ: Կրկնում եմ նաեւ հիմա՝ համակարգում կան եւ լավերը եւ վատերը: Երկուսի պատասխանատուն էլ արդեն պաշտոնաթող Վլադիմիր Գասպարյանն էր: Այսօր նա ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Հայաստանն ունի նոր ոստիկանապետ: Նոր նշանակման մասին՝ հետո:
Հիմա Վ. Գասպարյանի մասին: Վերջին իրադարձությունների ժամանակ շատերը տեսակետ հայտնեցին, որ ոստիկանությունը փոխվել է, նա այլեւս սեփական ժողովրդի վրա ձեռք բարձրացնող չէ: Անկեղծորեն հենց այդպիսի ոստիկանություն էլ ցանկացել եմ, որ ունենանք: Միաժամանակ երբեք չեմ սիրել դիտել միայն մեդալի մեկ կողմը: Հակառակ կողմում ճշմարտությունն ավելի արտահայտիչ է լինում: Վ. Գասպարյանը հեռացավ՝ թողնելով նոր ոստիկանապետին բարեփոխված համակարգ, բոլորի հիշողություններում թողնելով վերը նշված կարգախոսը՝ ոստիկանը մերն է, որովհետեւ այն այդպիսին դարձրեցին:
Գասպարյանը հեռացավ, թողնելով ՀՀ քաղաքացիներին այն ոստիկանությունը, որին հրապարակում կանգնած քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչը, տարեցն ու երիտասարդը համարում են իրենցը:
Շնորհավորում եմ Հայաստանի նոր ոստիկանապետին:
Փայլակ Ֆահրադյան