00:00:00

Թուրքիայի իշխանությունները մտադիր են արտաքսել մի քանի սիրիացու՝ «սադրիչ ձեւով բանան ուտելու» համար

23:18, 02 նոյեմբեր 2021 Հասարակություն

Թուրքիայի իշխանությունները մտադիր են արտաքսել մի քանի սիրիացու՝ սոցցանցում հրապարակված  «սադրիչ ձեւով բանան ուտելու» տեսանյութի համար: Ծիծաղելով եւ կատակելով տեսախցիկի առջեւ՝ սիրիացիները մասնակցել են Թուրքիայում սոցցանցերը ողողած վերջին մոդային։ TikTok-ի հումորային տեսանյութերում նրանք բանան էին ուտում եւ կոչ անում իրենց ընկերներին անել դա։ Տեսանյութերը բավական անվնաս են թվում։ Թեեւ միտումները գալիս ու գնում են, այս տեսանյութերը կարող են երկարաժամկետ հետեւանքներ ունենալ որոշ սիրիացիների համար, հայտնում է BBC-ն: Թուրքական իշխանությունները սիրիացիներին մեղադրել են «ատելություն հրահրելու» մեջ՝ «սադրիչ ձեւով» բանան ուտելու համար։ Մի քանի սիրիացի ձերբակալվել է եւ ենթակա է արտաքսման։ Թուրքիայի սիրիական մեծ համայնքի նկատմամբ աճող թշնամանքի մթնոլորտում բանանը պառակտման խորհրդանիշ է դարձել: Բանանի չելենջը ոգեշնչված էր սիրիացիների եւ թուրքերի միջեւ բուռն քննարկման առարկա դարձած վիրուսային տեսանյութից՝ Թուրքիայի տնտեսական ծանր վիճակի մասին: Թուրքիայի տնտեսությունը տուժել է բարձր գնաճից, որը խաթարել է կենսամակարդակը։ Տեսանյութում հակասական տեսակետներ էին. մի երիտասարդ սիրիացի կին, որը վարժ տիրապետում է թուրքերենին, պաշտպանում է փախստականների աշխատանքային էթիկան: Ի պատասխան՝ հիասթափված թուրքերը ենթադրել են, որ սիրիացիներն ու աֆղանները խլում են իրենց աշխատանքը:Բայց տեսանյութը վիրուսային է դարձրել այն, ինչ ասաց մի թուրք տղամարդ. «Ես տեսնում եմ, թե ինչպես են սիրիացիները շուկայում կիլոգրամներով բանան գնում, ես ինքս չեմ կարող դա ինձ թույլ տալ»: Այս պնդումը, որը վեճեր է առաջացրեց Թուրքիայի սիրիական համայնքի շրջանում, արագ տարածվեց TikTok-ում: Ծաղրելով թուրքին՝ սիրիացիները նկարահանել են բանան ուտելիս, բանանային ֆիլտրեր են օգտագործում եւ կիսվում բանանային մեմերով: Առանձնակի զայրույթ է առաջացրել մի լուսանկար, որում թուրքական դրոշը փոխարինված է բանանով։ Նորաստեղծ ազգայնական Հաղթանակ կուսակցությունը բողոք է ներկայացրել սիրիական TikTok-ի օգտատերերի դեմ՝ «թուրքական ժողովրդին եւ նրա դրոշը վիրավորելու համար»։ Սոցցանցերում այլ քննադատներ ասում են, որ տեսանյութերը «ծաղրում են այն ծանր տնտեսական վիճակը, որում հայտնվել են թուրքերը»: Տնտեսական ճգնաժամի ժամանակ բանանի տեսահոլովակները, ըստ ամենայնի, նյարդայնացրել են նաեւ թուրքական իշխանություններին։ Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 11 սիրիացու, ովքեր բանան ուտելու տեսանյութեր են հրապարակել՝ մեղադրելով նրանց «սադրանքի եւ ատելության հրահրման մեջ»: Թուրքիայի միգրացիոն վարչությունը հայտնել է, որ «անհրաժեշտ փաստաթղթերը լրացնելուց հետո նրանց կարտաքսի»։ Ըստ Թուրքիայի միգրացիայի գլխավոր տնօրինության` փորձեր են արվում «բացահայտել բոլոր սադրիչ գրառումները» եւ պատասխանատվության ենթարկել «բոլոր այն անձանց, ովքեր մասնակցել են այս արշավին»։ Այնուհետեւ թուրքական իշխանությունները ձերբակալեցին սիրիացի լրագրող Մաջեդ Շամաային, ով Ստամբուլում հեռուստառեպորտաժ էր անում բանանի խնդրի մասին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր