00:00:00

ՄԻՊ աջակցությամբ Դատալեքսից հեռացվել են քրեական գործով տուժող ճանաչված երեխայի անձնական տվյալները

16:17, 29 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Փաստաբանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աջակցությանն իր անչափահաս վստահորդի անձնական տվյալները «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից հեռացնելուն աջակցելու հարցով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նա նշել է, որ երեխան տուժող է ճանաչված սեքսուալ բնույթի բռնի գործողության հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, սակայն խնդրահարույց է, որ երեխայի անձնական տվյալները համակարգում հրապարակային են, ինչի հետևանքով հնարավոր է նույնականացնել երեխային: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից կապ են հաստատել դատավորի օգնականի, ՀՀ դատական դեպարտամենտի ներկայացուցչի, ՀՀ դատական իշխանության համակարգչային ծառայության պետ հետ։ Վերջինս հայտնել է, որ հնարավոր է դատական գործի որևէ կողմի դիմումի հիման վրա «Դատալեքսում» մուտքագրված անձնական տվյալները դարձնել գաղտնի: Փաստաբանին փոխանցվել է համապատասխան ինֆորմացիան, ավելի ուշ Պաշտպանի աշխատակազմին փաստաբանը տեղեկացրել է, որ երեխայի տվյալները փակվել են։ Այդ թեմային ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ՝ նշելով, որ արդիական խնդիր է անձնական տվյալների պաշտպանության օրենսդրական ոչ լիարժեք կարգավորումները դատական ակտերի հրապարակման շրջանակում: Խնդիրն այն է, որ չնայած առկա օրենսդրական պահանջի, որով սահմանել է դատական իշխանության պաշտոնական կայքում անձնական տվյալների ապանձնավորման հնարավորություն, այնուամենայնիվ, գործնականում դրա լիարժեք իրականացումն ապահովող գործուն կառուցակարգեր ներդրված չեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր