ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը ՊՆ նախարար Արշակ Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչու ՊՆ-ն հուղարկավորված զոհված զինծառայողների անունները, հուղարկավորման վայրերը չի հրապարակել:
Գեղամ Նազարյանը զոհված զինծառայողների ծնողների անունից պահանջեց մինչև նոյեմբերի 10-ը հրապարակել, և եթե չեն ցանկանում հրապարակել ցուցակը, այն հանձնեն իրեն՝ ինքը գիտի, թե որտեղ կհրապարակի:
Ինչպես փոխանցում է ԳԱԼԱ-ն, պատգամավորի հարցին ի պատասխան՝ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հայտարարեց.
«Զինծառայողների ապահովագրման հիմնադրամում ամբողջ ցուցակը հրապարակված է, բոլորն իրենց տվյալներով»:
«Հայաստան» դաշինքի պատգամավորը, արձագանքելով նախարարին, հայտարարեց.
«Ես այդ կայքի տեղը գիտեմ… իմ ասածը լրիվ այլ է: Ես հարցնում եմ՝ ինչո՞ւ ՊՆ-ն ինքը չի հրապարակում այդ ցուցակները և ինչո՞ւ չի տրամադրում այդ ցուցակները:
Ես խնդրում եմ նաև, որ այդ ցուցակում նշվի՝ նրանք որտեղից են զորակոչվել և որտեղ են հուղարկավորված, որպեսզի նաև վերջ տանք այն խոսակցություններին, որ չգիտեմ ովքեր են տարածում, որ Արցախից ոչ ոք չի զոհվել»:
Արշակ Կարապետյանն ասաց, որ կուսումնասիրեն պատգամավորի առաջարկը, որոշումը կկայացնեն և կտեղեկացնեն:
https://www.youtube.com/watch?v=0DwMVq80QQ8