00:00:00

ՀՀ-Ադրբեջան հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում. մամուլում քննարկված երկու փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. Արարատ Միրզոյան

22:19, 27 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Այս պահին որևէ հանդիպում այդ ֆորմատով նապատեսված չէ: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի այն դիտարկմանը, որ մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ նոյեմբերի 9-ին հանդիպում է նախատեսված ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև: «Շրջանառվում էր փաստաթղթերի մասին տեղեկատվություն, որ դրանք վերաբերելու էին դելիմիտացիային և դեմարկացիային, նաև՝ կոմունիկացիաներին»,-ասաց Ղազարյանը: Միրզոյանը հայտարարեց. «Միևնույն ժամանակ, պարբերաբար, գրեթե մշտական բնույթով քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, և, ենթադրաբար, այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում, բայց նաև անդրադառնալով եղած հրապարակումներին՝ ուզում եմ ասել, որ երկու քննարկված բովանդակությամբ փաստաթղթերի ստորագրում, անշուշտ, չի նախատեսվում»,-ասաց նախարարաը՝ նշելով, թե այդ հանդիպումները բազմաթիվ կիրառական նշանակություններ ունեն:
«Այդ հանդիպումները մեզ համար հնարավորություն են՝ թուլացնելու լարվածությունը տարածաշրջանում և փորձելու ջանքեր գործադրել՝ ավելի երկարատև կայունություն և խաղաղություն ապահովելու ուղղությամբ: Այդպիսի հանդիպումների առաջարկներ տարբեր ֆորմատներով կան, այդպիսի հանդիպումների արդյունքում սովորաբար լինում են համաձայնեցված տեքստերի հրապարակումներ: Այն, ինչ քննարկվել է մամուլում օրեր առաջ, որևէ այդպիսի բան նախատեսված չէ»,-ասաց նա: ԱԳ նախարարն ընդգծեց՝ բանակցությունները ենթադրում են որոշակի գաղտնիություն, և հավելեց. «Ես ուզում եմ երեկվա, այսօրվա և վաղվա համար ասել, որ բոլոր այդտեսակ, փակ դռների հետևում վարվող բանակցություններում, քննարկումներում, խոսակցություններում մեր դիրքորոշումները 100 տոկոսով համապատասխանում են մեր քաղաքական թիմի, ՀՀ վարչապետի և մյուսներիս կողմից հրապարակավ հայտնած դիրքորոշումներին, որևէ միլիմետր չեն նահանջում այդ դիրքորոշումներից և ավել էլ չեն»: Հիշեցնենք՝ ըստ մամուլի հրապարակման՝ նոյեմբերին կայանալու են ՀՀ, ՌԴ, Ադրբեջան եռակողմ երկու հանդիպումներ, որոնց ընթացքում ստորագրվելու են երկու նոր համաձայնագրեր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, անկլավների հանձնման, ճանապարհների ապաշրջափակման և այլնի մասին: Մանրամասները՝ տեսանյութում:   https://www.youtube.com/watch?v=YvUdpglZYLI

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր