00:00:00

ՊՆ-ն այն կազմակերպությունը չէ, որ դուք ինչ ուզեք, հարցնեք, մենք էլ ինչ ուզենք, պատասխանենք. Արշակ Կարապետյան

22:27, 27 հոկտեմբեր 2021 Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանը նոր հայտարարեց, որ 2020 թվականի դեկտեմբերից մեր զորքերը կանգնած են Փելասարում, բայց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ զորքերը կանգնում էին այնտեղ, որտեղ կանգնած էին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը և հիշեցրեց, որ Կապանում հայկական զորքերը մինչ այդ կանգնած էին 10 կմ-ից ավելի առաջ: Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ հոկտեմբերի սկզբին ՊՆ-ին հարցում էր ուղարկել պարզելու համար, թե 2020 թվականի դեկտեմբերի 17-18-ին հայկական զորքերի հետքաշման համար եղե՞լ է գրավոր հրաման և ո՞ւմ կողմից, ինչպես նաև ցանկացել  է պարզել, թե ինչի՞ հիման վրա է նման որոշում կայացվել և այդ մասին ՀՀ ԶՈւ-ի կողմից ստորագրվե՞լ է որևէ փաստաթուղթ: «Շուրջ մեկ ամիս հետո ՊՆ-ն պատասխանում է, որ այդ հարցերն իր իրավասությունից եւ լիազորություններից դուրս են: Հիմա ո՞ւմ ուղղեմ հարցս, ԿԳՄՍ-ի՞ն, թե՞ Առողջապահության նախարարությանը»,-ասաց նա: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փորձեց շրջանցել հարցը՝ պնդելով, որ հարց չի հնչել և պատգամավորը գրավոր պետք է ներկայացնի իր ասածը: Սակայն կառավարությունից հուշեցին, որ պաշտպանության նախարարը կպատասխանի, որից հետո միայն Սիմոնյանը ամբիոն հրավիրեց նախարար Արշակ Կարապետյանին: «Դուք ոնց որ թե ԱԺ-ում հանձնաժողով եք ստեղծել, այդ հանձնաժողովն իր աշխատանքը կավարտի և դուք ձեր բարձրացրած հարցերի պատասխանները պետք է որ ակնկալեք ձեր կողմից ստեղծված հանձնաժողովից: Կարծում եմ, որ եթե նորից գրեք, նույն պատասխանը ստանալու եք»,- ասաց նախարարը: Գեղամ Մանուկյանը նախարարին տեղեկացրեց, որ 44-օրյա քննիչ հանձնաժողով ձևավորված չէ, ձևավորվելուց հետո էլ այդ հանձնաժողովը քննելու է մինչև նոյեմբերի 9-ի դեպքերը, իսկ ինքը հարցնում է դեկտեմբերի 17-18-ի գործողությունների մասին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պարոն Արթուր Սարգսյանը երեկ ասաց թե ինչպես է Վաղարշակ Հարությունյանը բանավոր հրամայել զորքերը հետ քաշել»,-ասաց Գեղամ Մանուկյանը և հարցրեց, թե ինչի հիման վրա է նման հրաման տրվել: «Պաշտպանության նախարարությունն էլ այն կազմակերպությունը չէ, որ դուք ինչ ուզեք հարցնեք, մենք էլ ինչ ուզենք պատասխանենք, մենք եթե պատասխանում ենք, ուրեմն պետք է հիմնավոր պատասխանենք, իսկ դուք մեր լիազորություններից տարել եք այդ պատասխանը»,- պատասխանեց Արշակ Կարապետյանը:   https://www.youtube.com/watch?v=b9oNh1JG-l8

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր