00:00:00

62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ, փոխգնդապետ Արսեն Ղազարյանը կշարունակի մնալ կալանավորված. Վերաքննիչ բողոքը մերժվեց

16:39, 21 հոկտեմբեր 2021 Լեռնային Ղարաբաղ

Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հանձնման օրը 62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ, փոխգնդապետ Արսեն Ղազարյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ, մերժել է Ղազարյանին կալանավորելու որոշման դեմ փաստաբանների բողոքը՝ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով անփոփոխ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, սեպտեմբերի 14-ին բավարարել էր Արսեն Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Ընդ որում, սա Ղազարյանին կալանավորելու երրորդ փորձն էր, քանի որ առաջին ատյանի դատարանները երկու անգամ արդեն մերժել էին կալանավորման միջնորդությունները, ընդ որում, որոշումներից մեկը դատարանը կայացրել էր օրերս՝ օգոստոսի 31-ին։ Վարույթն իրականացնող մարմինը լրացրել է Ղազարյանի մեղադրանքը և նոր միջնորդություն ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է։ Կալանավորման հիմքերից դատարանը հավանական է համարել միայն գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, ընդ որում, նախաքննության ավարտական փուլում, մինչդեռ, նախաքննության ողջ ընթացքում՝ շուրջ 6 ամիս Ղազարյանը գտնվել է ազատության մեջ։ Պաշտպանության կողմը գտնում էր, որ դատավոր Գագիկ Պողոսյանը թույլ է տվել կարգապահական խախտում, վերջինս թույլ չէր տվել փաստաբաններին՝ ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, բացի այդ, դատական նիստին կատարել է հայտարարություններ, որոնք, ըստ պաշտպանների, վկայում են Գագիկ Պողոսյանի կողմնակալ վերաբերմունքի մասին։ Նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդություն է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն, սակայն դեռևս առկա չէ տեղեկություն՝ վարույթ հարուցելու կամ հարուցումը մերժելու մասին։ Հիշեցնենք, որ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում 62 հայ զինծառայող գերության մեջ է հայտնվել պատերազմից հետո, իսկ գյուղերն էլ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել փոխգնդապետ Արսեն Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ ռազմական դրության պայմաններում ծառայության վարն ինքնակամ լքելու, ռազմական դրության պայմաններում հրամանը չկատարելու, ռազմական դրության պայմաններում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու և մարտի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու հատկանիշներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր