Քիչ առաջ լարված իրավիճակ էր Նոր Նորքի 7-րդ զանգվածում։ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները քանդում էին Հունան Ավետիսյան 5 հասցեում գտնվող 2 քարե շինությունները, որոնք ավտոտնակ էին ծառայում բնակիչների համար։

Նշված վայրում մեծ թվով քաղաքացիներ ու ոստիկանության աշխատակիցներ էին հավաքված։ Հավաքվածները փորձում էին թույլ չտալ, որ քանդեն շինությունները։

MediaHub.am-ի հետ զրույցում քաղաքացիներից մեկը նշեց, որ քաղաքապետարանի աշխատակիցները քանդման աշխատանքները սկսվել են երեկոյան ժամը 8-ի սահմաններում։ «Ավտոտնակի տերը հնարավոր է թանկարժեք իրեր ունենար ներսում կամ եթե աշխատանքային ժամ լիներ, կփորձեր պատկան մարմիններին դիմել, որպեսզի չքանդեն։ Բացի դա էլ, փողոցը և շենքի բակը լուսավորված չէ ու այդ ժամին նման աշխատանք կատարելը վտանգավոր է քաղաքացիների ու հատկապես բակում խաղացող երեխաների համար», — ասաց նա։

Նշենք, որ ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև քաշքշուկ է տեղի ունեցել։ Հավաքվածների խոսքով ոստիկանները բերման են ենթարկել մի երիտասարդի, ում պնդմամբ, իրեն ծեծի են ենթարկել

Այս պահին, երկու շինություններն էլ պատկան մարմինների կողմից քանդվել է։ Քաղաքապետարանը նախատեսում է դրանց փոխարեն մանկական խաղահրապարակ կառուցել։

untitled image