«Քովիդ-19» կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ հասել է 241 553 899-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր «Քովիդ-19»-ի հետ կապված հիվանդությունից մահացել Է 4 912 909 մարդ: «Քովիդ-19»-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան: Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 45 132 148 ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել Է 728 192-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ «Քովիդ-19»-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 34 094 373-ի և ախտահարման հետևանքներից երկրում մահացել է 452 454 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 664 879 հիվանդացած, նրանցից մահացել է 603 855 մարդ:

Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում բաշխվել է 6 673 559 277 չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ կազմել է 632,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2245, Հնդկաստանում՝ 324, Բրազիլիայում՝ 2815 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: