00:00:00

ԱԱԾ-ն ու ՊՆ-ն ընդդիմադիրների դեմ են աշխատում

16:14, 20 հոկտեմբեր 2021

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. Երեկ նկատեցինք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Քաղպայմանագրի» որոշ պատգամավորների հետ տեւական ժամանակ փակված էր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում։ Սենյակից դուրս գալուց հետո հետաքրքրվեցինք՝ ի՞նչ էին քննարկում փակ դռների ետեւում։ Պարզվեց, որ ԱԱԾ-ն 2 ամսից ավել է՝ պաշտպանության հանձնաժողովի պատգամավորներին, այսպես կոչված, գաղտնիության «դոպուսկ» չի տրամադրում, որը նրանց հնարավորություն կտա ծանոթանալ գաղտնի փաստաթղթերին։ Ինչպես հայտնի է` եկող տարվա բյուջեի նախագիծը խորհրդարանում է, եւ առաջիկա օրերին՝ եկող երկուշաբթի օրվանից, պետք է քննարկվի մշտական հանձնաժողովներում, բյուջեի մի հատվածը գաղտնի հավելված է, որը վերաբերում է պաշտպանական խնդիրներին, ու որպեսզի պատգամավորները կարողանան ծանոթանալ այդ նյութերին, պետք է «դոպուսկ» ունենան։ Խոսքը նորեկ ընդդիմադիր եւ որոշ իշխանական պատգամավորների մասին է, որոնք նախորդ խորհրդարանում չեն եղել եւ չեն հանդիսացել այս հանձնաժողովի անդամ։ Տիգրան Աբրահամյանն այս եւ այլ խնդիրներով է հյուրընկալվել Քոչարյանին եւ որպես հանձնաժողովի նախագահի՝ հորդորել է միջոցներ ձեռնարկել։ «Հանձնաժողովի անդամները պետք է հնարավորություն ունենան ծանոթանալու այդ ծավալուն փաստաթղթերին։ Այո, կարծում եմ, որ պաշտպանության հանձնաժողովի նախագահն այս իրավիճակում, որպես շահագրգիռ կողմ, պետք է իր լիազորությունները գործադրի, որպեսզի պատգամավորների համար, ըստ էության, գաղտնի հավելվածից օգտվելու խնդիրներ չառաջանան»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։ Պատգամավորը հասկանում է, որ դա որոշակի ընթացակարգ է ենթադրում, բայց 2 ամսում ԱԱԾ-ն պետք է որ որոշում կայացներ, իսկ եթե պարզաբանումներ են հարկավոր, ապա դիմեր դիմումատուներին` ստանար։ Իրեն մինչ այս պահը չեն դիմել։ Հիշեցնենք, որ հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Գեղամ Նազարյանը նույնպես դիմել են գաղտնիության «դոպուսկի» համար, միայն Արթուր Ղազինյանը չի դիմել։ Ակնհայտ է, որ ԱԱԾ-ն քաղաքական խնդիր է լուծում եւ ամեն ինչ անելու է, որ հնարավորինս ձգի այս գործընթացը, որպեսզի ընդդիմադիրներին նյութ չտա, իսկ իշխանականներին էլ ստելու, ինֆորմացիան թաքցնելու հնարավորություն ընձեռի: «Եթե ես վաղը պաշտպանության նախարարին կամ փոխնախարարին ասեմ՝ գիտեք, դուք էս հարցում սխալ ճանապարհով եք գնում, ինքն ինձ կպատասխանի՝ գիտես, դու գաղտնիության դոպուսկ չունես, թե չէ ես կասեմ, թե խի ենք գնում, անվտանգության խնդիր կա եւ այլն»,- ասում է Աբրահամյանը։ Սակայն ԱԱԾ-ն միակը չէ, որ ընդդիմության առջեւ փակում է ինֆորմացիան։ Նույնն անում է նաեւ ՊՆ-ն։ Աբրահամյանը դեռ սեպտեմբերի 22-ին դիմել է ԳՇ պետ Արտակ Դավթյանին՝ տեղեկացնելով, որ որպես ԱԺ հանձնաժողովի անդամ՝ նպատակ ունի այցելել սահմանագծի Սոթք-Խոզնավար հատված եւ ծանոթանալ իրադրությանը։ ԳՇ պետն օրենքի խախտումով չի արձագանքել գրությանը, նախօրեին նույն դիմումը հասցեագրել է Պնախարարին, եւ Արշակ Կարապետյանը երեկ գրավոր մերժել է պատգամավորին՝ ասելով, որ այդ այցը համարում են ոչ նպատակահարմար: «Հիմա ինձ մոտ հարց է առաջացել՝ առաջին. ընդդիմության նկատմամբ կա հատուկ վերաբերմունք, այն է՝ չթույլատրել որեւէ քաղաքի զորամասային տարածք։ Երկրորդ․ ես կարող եմ կասկածել, որ իրավիճակն այնքան կատաստրոֆիկ է, որ չեն ուզում, որ որեւէ մարդ գնա եւ տեղում ֆիքսի իրավիճակը։ Այսինքն, շատ ավելի խորացնում են կասկածները, որոնք մինչ այդ կային։ Էլ չեմ ասում, որ խորհրդարանական երկրում պատգամավորի նկատմամբ նման վերաբերմունքն անթույլատրելի է, պատգամավորները բա որտե՞ղ իրենց վերահսկողական ֆունկցիաներն օգտագործեն»։ Հիշեցնենք, որ ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը բազում այցեր է կատարել սահմանային զորամասեր եւ սելֆիներ հրապարակել։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր