Նախարարն անդրադարձել է նաև պետություն-մասնավոր հատված երկխոսության կայացման գործում ԱՄՆ ՄԶԳ-ի դերին` նշելով, որ այդ ուղղությամբ մեծ աշխատանք է արվել, սակայն դեռ շատ անելիքներ կան նպատակային նշաձողին հասնելու համար։
Ներկայացնելով կառավարության ծրագրի տնտեսական հատվածը` Վահան Քերոբյանը նշել է, որ նախատեսվում է սպառման վրա հիմնված տնտեսությունից անցում կատարել դեպի ներդրումների վրա հիմնված տնտեսության: Իրականացվելիք ծրագրերից նախարարը կարևորել է հատկապես ներդրումների ներգրավմանը և ներդրողների աջակցմանն ուղղված ծրագրերը, ֆինանսական հատվածի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը՝ նշելով, որ դրա մի մասն է կազմում վենչուրային ֆոնդերի ստեղծումը։ Հայաստանում արդեն զարգացում է ապրում այս ոլորտը, ինչի մասին են վկայում նոր հիմնվող վենչուրային ֆոնդերը։
Վահանն Քերոբյանը կարևորել է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը` նշելով, որ Հայաստանը լավ հարթակ կարող է լինել այն ամերիկյան ընկերությունների համար, որոնք կցանկանան մուտք գործել ԵԱՏՄ անդամ մյուս երկրների շուկաներ։ Այս համատեքստում նա հրավիրել է ամերիկյան ընկերություններին տնտեսական գործունեություն ծավալել Հայաստանում: Նախարարն առաջարկել է նաև քննարկել ԱՄՆ-ում և Հայաստանում գործարարների համար երկուստեք հարկային բարելավումներ իրականացնելու հնարավորությունը:
Դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և շեշտել իրենց պատրաստակամությունը համագործակցությունը շարունակելու ու անհրաժեշտ աջակցություն տրամադրելու ուղղությամբ:
Դեսպանը համակարծիք է եղել, որ հարկավոր է հնարավորինս հեշտացնել բիզնես գործունեության ծավալմանն ուղղված գործընթացները` պատրաստակամություն հայտնելով քննարկել վերջինիս ուղղված հետագա քայլերը։
Նախարարն անդրադարձել է նաև փոքր և միջին ձեռներեցության ոլորտի զարգացմանը, առկա խնդիրներին, ներկայացրել ոլորտի զարգացման տեսլականը։ Խոսելով ՓՄՁ ոլորտում մասնագետների պակասի մասին` նա տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում կրթությունը բիզնեսի պահանջներին հարմարեցնելու համար` այս համատեքստում կարևորելով ԱՄՆ-ի դերը փորձի և փորձագիտական գիտելիքների փոխանցման առումով։ Դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում աջակցել որոտի զարգացմանն ուղղված գործողություններին։
Ներդրումային միջավայրի մասին խոսելիս Վահան Քերոբյանն առանձնացրել է այն ոլորտները, որոնք կարող են հետաքրքիր լինել ամերիկյան ներդրողների համար, այն է՝ արևային էներգիայի արտադրություն, դեղագործություն, քիմիական արդյունաբերություն, առողջապահություն։
Խոսելով Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման մասին՝ դեսպանը հրավիրել է հայկական կողմին մասնակցելու ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի կողմից դեկտեմբերի 6-ին կազմակերպվող առցանց հանդիպմանը, որին մասնակցելու են Հայաստանի ներդրումային հնարավորություններով հետաքրքրված ամերիկյան պետական կառույցների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրական հարաբերությունների մասին համաձայնագրին: Երկուստեք համաձայնություն է ձեռք բերվել սկսել աշխատանքներ՝ այն վերանայելու և թարմացնելու ուղղությամբ:
Հանդիպման ավարտին դեսպանը նշել է, որ կառավարության ծրագրում երկու երկրների համագործակցության համար բավականին շատ հնարավորություններ կան: Որոշվել է քննարկված կետերով աշխատանքներ իրականացնել երկու կողմերի մասնագետների մասնակցությամբ։