Կիրակի` հոկտեմբերի 17-ին,  Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններում ինչպես հայտնի է անցողիկ շեմը հինգ ուժ է հաղթահարել՝ «Բալասանյան դաշինքը», «Քաղաքացիական պայմանագիրը», «Զարթոնքը», «Ապրելու երկիրը» և Հանրապետականը։ Սակայն այս ուժերից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չի կարող, քանի որ ստացած քվեներով ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ որևէ ուժի բաժին չի հասնի։ Սա նշանակում է Գյումրիում քաղաքային իշխանությունը կձևավորվի կոալիցիոն սկզբունքով։

Առավելագույն քվեն՝ ձայների 36,59 տոկոսը ստացած «Բալասանյան դաշինքը» հետընտրական գործընթցաների վերաբերյալ մեկնաբանություններ չի անում։ Դաշինքը ղեկավարող Վարդգես Սամսոնյանից երկու օր է պարզաբանում ստանալ Irakanum.am-ին  չի հաջողվում։

Երեկ  կուսակցությունը, սակայն, հայտարարություն տարածեց, որում ակնարկ կա մյուս ուժերի հետ համագործակցության մասին, թե՝ որի կամ որոնց, չեն հստակեցնում։

«Մենք չենք պատրաստվում անցկացնել բաժանարար գծեր, փոխարենը հակված ենք ստեղծել եզակի համագործակցության հարթակ՝ քաղաքի շահերին ծառայելու նպատակով։ Ընտրությունների մասնակցած բոլոր ուժերի ծրագրերում էլ կան գաղափարներ ու առաջարկներ, որոնք կարող են նպաստել քաղաքի զարգացմանը։ Բոլոր թիմերում էլ կան մարդիկ, ովքեր կարող են ծառայել քաղաքի զարգամցանը։ Մեր խնդիրն է՝ մեկտեղել բոլորի ուժերն ու կարողությունները», — ասված է հայտարարությունում։

Արդյո՞ք «Բալասանյան» դաշինքը պատրաստ է համագործակցության նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։  Այս երկու ուժերի միավորման արդյունքում քաղաքային իշխանություն կձևավորվի։ «Բալասանյան դաշինքը» ստացել է ձայների 36,59 տոկոսը, ՔՊ-ն՝ 29.56:  Կա նաև երկրորդ տարբերակ․ «Բալասանյան դաշինքը» կոալիցիա է կազմում ընդդիմադիր «Զարթոնքի», և ՀՀԿ-ի հետ։ Վերջիններս բացառել են որեւէ կերպ համագործակցությունը ՔՊ-ի հետ։

Քանի որ քաղաքական ուժերից որևէ մեկը չի ստացել ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ուստի, ըստ Ընտրական օրենսգրքի, համայնքի ղեկավարը պետք է ընտրվի բաց քվեարկությամբ, ընդ որում, իրենց թեկնածուներին առաջադրելու հնարավորություն կունենան ավագանի անցած բոլոր ուժերը։ Համայնքի ղեկավար ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկին դա չհաջողվի, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ։

Irakanum.am