Արցախի պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են հոկտեմբերի 14–ին սահմանային միջադեպի հետևանքով վիրավորված և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողների լուսանկարները։

Նշենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան արցախա–ադրբեջանական սահմանային իրավիճակը լարվել էր։  Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում ադրբեջանական ԶՈՒ սադրանքի հետևանքով հայկական կողմից 6 զինծառայող է վիրավորվել։

ՊԲ–ն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե զինծառայողները ստացել են  հրազենային վիրավորում։ Մինչդեռ համացանցում համառորեն պտտվում էին տեղեկություններ այն մասին, որ զինծառայողների վիրավորումները եղել են ոչ թե հրազենից, այլ մարտական դիրքերի վրա կիրառված նռնականետերի և ականանետերի բեկորներից։

Արցախի ՊԲ–ն իր պաշտոնական հաղորդագրություններում որևէ տեղեկություն չտրամադրելով ականանետերի ու նռնականետերի մասին՝ այսօր հրապարակել է լուսանկարներ, որոնք փաստում են, որ զինծառայողների վնասվածքները ոչ թե կամ ոչ միայն հրազենից են, այլ՝ բեկորային են։

Այսքանով Արցախից եկող պաշտոնական ու համացանցում տարածվող տեղեկությունների հակասությունները չեն ավարտվում։

Սահմանային միջադեպի երեկոյան ՊԲ–ն հերթական հաղորդագրությամբ փաստեց, թե սահմանային իրավիճակը հանդարտվել է․ «Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո  օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է: Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի»։

Մինչդեռ ոչ պաշտոնական աղբյուրները պնդեցին՝ ոչինչ էլ հանգիստ չէ։

ՊԲ–ն հերթական հաղորդագրությամբ հոկտեմբերի 15–ի առավոտյան հայտնեց Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ ադրբեջանական կողմից արձակված կրակոցների մասին։ «Հայկական կողմից տուժածներ չկան»,– ասվում էր հաղորդագրության մեջ։

 

Ի հեճուկս ՊԲ հաղորդագրության՝ հասարակական–քաղաքական գործիչ Արթուր Դանիելյանը հոկտեմբերի 15–ի երեկոյան գրեց՝ «Մարտակերտի դիրքը վաղ առավոտից գնդակոծվում է, կրակահերթերի տակ է»։ Ապա գրեց՝ «առավոտյան շտապօգնության մեքենայում վիրավորված անձին դեռ չեն կարողացել բուժօգնություն ցուցաբերեն: Վիրավորը դեռ գտնվում է դիրքում»։

Միջադեպի հետևանքների վերաբերյալ պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրների հակասությունները շարունակվում են նաև այսօր։ Մասնավորապես՝ Դանիելյանը գրել է, որ Մարտակերտի 5–րդ պաշտպանական շրջանի նախկին 4–րդ վաշտի հրամանատարական դիտակետը, որը հայտնի է «Օմեգա» անունով, փաստացի պաշարված է։ «Արդեն 30 ժամ է անցել ինչ դիրքերից մեկում վիրավոր զինվոր կա, ում չեն կարողանում բուժօգնություն ցուցաբերել քանի որ հակառակորդը կրակ է բացում ցանկացած շարժ նկատելով: Էլ չասեմ որ ոչ ջուր ունեն տղերքը ոչ էլ սնունդ: Ու սրա մասին պաշտոնական աղբյուրներում բառ անգամ չկա»,– գրել է Դանիելյանը։

ՊԲ–ն արդեն իսկ հերքել է այս տեղեկությունները․ «Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող  տեղեկությունները  “պաշարված”  դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը»։

Նշենք, որ Հայաստանի և Արցախի հանրությունը 44–օրյա պատերազմի ողբալի ավարտից հետո դադարել է հավատալ պաշտոնական աղբյուրների հաղորդած տեղեկություններին, հատկապես, երբ խոսքը վերաբերվում է անվտանգային, առավել ևս՝ մարտական ու ռազմական իրավիճակին։

Ավելին՝ հոկտեմբերի 14–ին արցախա–ադրբեջանական սահմանային միջադեպի առնչությամբ ՊԲ–ն հակասեց հենց ինքն իրեն՝ սկզբում հայտնելով հրազենային վիրավորում ստացած զինծառայողների մասին, ապա հրապարակելով բազմաթիվ բեկորային վնասվածքներով զինծառայողների լուսանկարներ։

Ո՞րն է այս անգամ իրականությունը, ի՞նչ է կատարվում Մարտակերտի հիշատակված դիրքում, կա՞ այնտեղ վիրավոր զինծառայող, որը բուժօգնության կարիք ունի, պաշարվա՞ծ է, դիրքը, թե՞ ոչ, ինչու՞ է ՊԲ–ն լռել զինծառայողների բեկորային վիրավորումների մասին, մոտ ապագայում կստանա՞նք այս հարցերի պատասխանները, թե՞ կիմանանք «պոստ ֆակտում», երբ հերթական զիջումները արված կլինենք․․․

Աղբյուր՝ AntiFake.am