00:00:00

Արսեն Ավագյանը նշանակվել է Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

23:39, 13 հոկտեմբեր 2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արսեն Ավագյանը նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արսեն ԱՎԱԳՅԱՆԻՆ նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)»,- ասված է հրամանագրում։ Արսեն Ավագյանը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, թուրքագետ: 1989 - 1994 թթ. սովորել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում, 1994 - 1996 թթ. ԵՊՀ ասպիրանտուրայում, 1996 - 1998 թթ. ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում: ԱԳՆ համակարգում աշխատում է 1994թ-ից, զբաղեցրել է կցորդի, երրորդ քարտուղարի, Թուրքիայի բաժնի պետի, քաղաքական պլանավորման վարչության խորհրդականի, Իրանում ՀՀ դեսպանության խորհրդականի եւ ժամանակավոր հավատարմատարի պաշտոնները: Երկու անգամ՝ 2001-2005թթ. եւ 2015-2019թթ. Ավագյանը եղել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչը, 2019 թ. հունվարից զբաղեցնում էր ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնը: Ավելի վաղ ՀՀ նախագահի հրամանագրով Արտաշես Թումանյանը հետ էր կանչվել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր