Վստահ եմ՝ կառավարության նիստում շատ բան մանիպուլացվեց, քանի որ մենք պարտադրանքին ենք դեմ, ինչի առնչությամբ մեր փաստարկներն ենք ներկայացնում: Այս մասին Հանրապետության հրապարակում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց պարտադիր պատվաստման դեմ հանդես եկող «Ազատ կամք» նախաձեռնության ղեկավար Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում վարչապետի այն հայտարարություններին, որ պատվաստման վերաբերյալ կեղծ տեղեկություններ շրջանառողներով պետք է իրավապահները զբաղվեն:
«Ցավալի է, որ վարչապետը սպառնում է հանրությանը, օգտագործում է «ձերբակալեք», «կալանավորեք» եզրույթները, ինչի իրավասությունը նա չունի: Դա նաեւ հաղորդագրություն է քաղաքացիներին՝ առանց այդ էլ վիրուսից եւ պատերազմից հանրությունը վախեցած է, հիմա էլ վարչապետն է վախեցնում: Մեր ասածը մեկն է՝ ժողովրդի հետ ազնիվ խոսեք, պատմեք, համոզեք, բացատրեք, որ պատվաստվելն ավելի լավ է: Վարչական լծակներով են փորձում գործընթացն առաջ տանել: Վիրուսը նոր է՝ դեռ 2 տարեկան չկա, պատվաստանյութերը մեկ տարվա պատմություն ունեն, իսկ դրանք փորձարկումների երկար փուլ են անցնում: Հաշվի առնելով սա՝ մենք չգիտենք պատվաստանյութի հետագա հետեւանքները ոչ մոտակա եւ ոչ էլ հեռավոր ապագայում, եւ բնական է, որ մարդիկ զգուշացնում են: Ավելին՝ լավագույն բժիշկներն այս հարցում բազմաթիվ խնդիրներ են մատնանշում, օրինակ՝ ինչու մարդը պետք է պատվաստվի, եթե տարել է հիվանդությունն ու բնական իմունիտետ է ձեռք բերել, որեւէ պատվաստանյութ բնական իմունիտետից ավելի արդյունավետ չի կարող լինել: