00:00:00

Մալխաս Ամոյանը հաղթեց 1 րոպե 35 վայրկյանում

19:43, 07 հոկտեմբեր 2021 Սպորտ

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հոկտեմբերի 7-ին մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Մալխաս Ամոյանը: 72 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթանակի հասավ նորվեգացի Հաավարդ Յորգենսենի նկատմամբ: Գոտեմարտի առաջին րոպեում Մալխաս Ամոյանը 2 միավորանոց գցում կատարեց, բայց գլորում կատարել չհաջողվեց: Հնարքի ավարտին գորգի մրցավարի բեյջն ընկավ, ինչը նկատեց Ամոյանը՝ մրցակցին գլորում անելու փորձի ընթացքում: Հնարքի վերջում, երբ մրցավարը ելման դիրքի սուլոցը հնչեցրեց, Մալխաս Ամոյանը գորգի վրայից վերցրեց մրցավարի բեյջն ու հանձնեց նրան, ապա վերադարձավ աշխատանքային գոտու կենտրոն: Մի քանի վայրկյան անց Հայաստանի ներկայացուցիչը նախ դուրս հրեց մրցակցին, ապա 4 միավորանոց հետ գցում կատարեց՝ հաշիվը դարձնելով 7:0: Նորվեգացու մարզիչները բողոքարկեցին, բայց կողային մրցավարները չբավարարեցին՝ եւս մեկ միավորով ավելացնելով Ամոյանի հաշվին: Գոտեմարտն ավարտվեց առաջին մրցափուլում եւ տեւեց 1 րոպե 35 վայրկյան: Քառորդ եզրափակիչում Ամոյանի մրցակիցը կլինի 2020 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Լիտվայի ներկայացուցիչ Կրիստուպաս Շլեյվան: Ավելի վաղ մրցագորգ դուրս եկած Նորայր Հախոյանը մեկ հաղթանակ տանելուց հետո(6:1), կիսաեզրափակիչում կմրցի ԱՄՆ ներկայացուցիչ Մաքս Նոուրին: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գեղամ Թորգոմյանը (82 կգ) որակավորման փուլում 0:12 հաշվով պարտվեց թուրք Բուրհան Ակբուդակի հետ։ Եթե թուրք ըմբիշին հաջողվի նվաճել եզրափակիչի ուղեգիր, Գեղամ Թորգոմյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր