Լևոն Արոնյանը նախնական փուլում վաստակել էր 9,5 միավոր՝ զբաղեցնելով 3-րդ տեղը, և դուրս եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարում պայքարից դուրս թողեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակիչի առաջին օրը 3։1 հաշվով հաղթանակից հետո Լևոն Արոնյանը երկրորդ օրը Մամեդյարովին պարտության մատնեց 2։1 հաշվով (1 հաղթանակ, 2 ոչ ոքի)։
Արոնյանը նախնական փուլում վաստակել էր 9,5 միավոր՝ զբաղեցնելով 3-րդ տեղը և դուրս եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում հայ շախմատիստի մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը, որը պարտության մատնեց լեհ Յան-Քշիշտոֆ Դուդային (2,5:0,5, 2,5:0,5). Մրցաշարն անցկացվում է 2 փուլով։ Առաջին փուլում 16 շախմատիստներ մրցում են շրջանաձև խաղակարգով, որից հետո 8 լավագույնները որոշում են հաղթողին «նոկաուտ» համակարգով։ Մրցաշարին, բացի Արոնյանից, մասնակցում են Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Լենյեր Դոմինգեսը (ԱՄՆ), Յան-Քշիշտոֆ Դուդան (Լեհաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիսլավ Արտեմևը (Ռուսաստան), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Լե Կուանգ Լյոմը (Վիետնամ), Անիշ Գիրին (Նիդերլանդներ), Ալիրեզա Ֆիրուզջան (Ֆրանսիա), Դանիել Նարոդիցկին (ԱՄՆ), Սանթոշ Վիդիտը (Հնդկաստան), Էրիկ Հանսեն (Կանադա), Յորդեն վան Ֆորեսթը (Նիդերլանդներ), Էվոնդեր Լյան (ԱՄՆ)։ Aimchess US Rapid-ի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար։ Հիշեցնենք` ավելի վաղ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը չորրորդ տեղն է զբաղեցրել Grand Chess Tour շարքի Chessable Masters օնլայն մրցաշարում: