00:00:00

Գնդապետ Դանիելյանը հրաժարվում է ցուցմունք տալ և մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել

20:01, 07 մայիս 2018

Մայիսի 3-ին HSBC բանկի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա զինված ավազակային հարձակման, երկու անձի սպանության մեջ մեղադրվող գնդապետ Դանիել Դանիելյանը մեղադրանքի վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի ցանկանում հայտնել: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Արարատ Գրիգորյանը: Գնդապետ Դանիել Դանիելյանը հրաժարվել է նաև ցուցմունք տալուց: Ինչ վերաբերում է խափանման միջոց կալանավորման որոշումը բողոքարկելուն, ապա պաշտպանը նշեց, որ այդ հարցը դեռևս չեն քննարկել իր պաշտպանյալի հետ: Պաշտպանը չբացառեց, որ առաջիկայում հնարավոր է և բողոքարկվի: Դանիել Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 8-րդ, 11-րդ կետերով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Հիշեցնենք, որ մայիսի 03-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, Դանիել Դանիելյանն իր անվամբ հաշվառված «Ֆաբարմ» տեսակի կարաբինով, իր կողմից ապօրինի ձեռք բերված մարտական նռնակով և դանակով զինված, դիմակավորված մուտք է գործել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 3 հասցեում գործող «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղ, որտեղ կարաբինից կրակոց արձակելով օդում` բանկի աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել առանձնապես խոշոր չափերով` 500.000 ԱՄՆ դոլար գումար: Այդ ընթացքում, հանդիպելով մասնաճյուղի անվտանգության աշխատակիցների դիմադրությանը, Դանիելյանն իր մոտ գտնվող կարաբինից կրակել է իր ծառայողական պարտականություններն իրականացնող անվտանգության աշխատակից, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Խաչատուր Գալստյանին, այնուհետև դանակով հարվածել է անվտանգության մյուս աշխատակցին` «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Արամ Մկրտչյանին, որից հետո բանկից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով տարբեր արտարժույթի գումար /79.200.000 ՀՀ դրամ, 110.000 ԱՄՆ դոլար, 39.690 եվրո, 242.240 ՌԴ ռուբլի, 7.925 անգլիական ֆունտ ստեռլինգ, 2.980 կանադական դոլար, 200 ավստրալիական դոլար և 700 ՄԱԷ դիրհամ/ և դիմել փախուստի: Ոստիկանության աշխատակիցները հետապնդել են Դանիելյանին, որի ընթացքում վերջինս իր մոտ գտնվող կարաբինից կրակել է իր ծառայողական պարտականությունները կատարող` իրեն հետապնդող ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի ուղղությամբ և նրան պատճառել հրազենային մարմնական վնասվածք, որի հետևանքով վերջինս նույն օրը բժշկական կենտրոնոմ մահացել է: Ոստիկանության մյուս ծառայողները, հետապնդելով Դանիելյանին, վնասազերծել են նրան և բերման ենթարկել ոստիկանության բաժին:

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր