00:00:00

Մասիսի քաղաքապետն անձա՞մբ է ծեծել ցուցարարներին

18:25, 06 մայիս 2018

Hraparak.am-ը գրում է .Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը երեկվանից աշխատանքի է վերադարձել: Նա ապրիլի 9-ից արձակուրդում էր, իսկ ապրիլի 16-ին երկարացրել էր արձակուրդը մինչեւ մայիսի 3-ը: Հիշեցնենք, որ հենց ապրիլի 16-ին Կորյուն-Հերացի փողոցում անհնազանդության ցույց իրականացնող ցուցարարների վրա հարձակում գործեցին քաղաքացիական հագուստով անձինք, որոնք, ըստ ականատեսների, եղել են Համբարձումյանի եղբայրը՝ Գոռը եւ նրա ընկերները: Նշենք, որ առայսօր պատկան մարմինների կողմից բացահայտված չէ սույն բռնարարքն իրականացրած անձանց ինքնությունը: Մենք այս հարցի շուրջ զրուցել էինք քաղաքապետի տեղակալ Նորայր Հակոբյանի հետ: Նա ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր, որ բռնարարքի հեղինակը Գոռ Համբարձումյանն է, ով ի դեպ, Հակոբյանի ընկերներից է: «Ես սոցցանցերում տեսել եմ, որ ուղիղ նկարն են տարածում, թերթերը եւ կայքերը գրում են, որ ինքն է եղել, բայց տվյալ պահին ինքն արդյոք դեպքի վայրում եղել է, թե չի եղել, դեռ չեմ կարող ասել, որովհետեւ վիդեոձայնագրությունից պարզ է դառնում, որ ինքը չէ: Բայց իր անձնական ֆեյսբուքյան էջից վերցրել են նկարներ ու տարածում են, որ քաղաքապետի եղբայրն է, ես չգիտեմ՝ սա ինչ միտում է: Եվ արդյոք լրագրողները, որ տարածում են՝ սա Մասիսի քաղաքապետի եղբայրն է, իրո՞ք բազմակողմանի ուսումնասիրել են դեպքը, եւ թե արդյոք ինչից է սկսել միջադեպը՝ դա արդեն ոչ ոք չի գրում»: Նա նաեւ մեզ խորհուրդ էր տվել քաղաքապետի եղբոր հետ կապված հարցերով դիմել անձամբ իրեն՝ քաղաքապետին՝ երբ կվերադառնա արձակուրդից: Հակոբյանը նաեւ հայտնել էր, թե Համբարձումյանը ՀՀ-ում չէ, արձակուրդն անցկացնում է արտասահմանում: Նշենք, որ Հերացու փողոցում տեղի ունեցած բռնարարքը միակը չէր, որի մասին խոսելիս արծարծվում էր Համբարձումյանի եղբոր անունը: Ըստ լուրերի՝ Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին տեղի ունեցած միջադեպի՝ ցուցարարների վրա հարձակվելու ու նրանց դաժանաբար ծեծի ենթարկելու գործում էլ էր նա ներգրավված եղել: Դատելով տեսագրությունից, ցուցարարների ծեծի ենթարկողների մեջ է նաեւ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը: Ըստ լուրերի՝ դիմակավորված հրոսակախմբի մեջ են եղել նաեւ փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը, Մասիսի սպորտդպրոցի տնօրեն Արմենակ Հակոբյանը եւ նրանց ընկերները: Մենք երեկ մի քանի անգամ զանգահարեցինք Մասիսի քաղաքապետարան՝ այս հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար, սակայն հեռախոսավարուհին պնդեց, որ քաղաքապետը քաղաքացիների ընդունելություն է կազմակերպում եւ վերջացնելուց հետո անպայման կկապվի մեզ հետ: Ողջ աշխատանքային օրվա ընթացքում Համբարձումյանը այդպես էլ չզանգեց մեզ: Նա, ի դեպ, ապաակտիվացրել է նաեւ իր բջջային հեռախոսահամարը: Քիչ առաջ էլ կրկին զանգահարեցինք քաղաքապետարան, սակայն Համբարձումյանը դարձյալ զբաղված էր՝ խորհրդակցության էր եւ ավարտվելուց հետո խոստացել է կապել մեզ հետ: Նշենք, որ դիմակավորված այս նույն մարդիկ, ըստ լուրերի, ցուցարարների նկատմամբ բռնություն են կիրառել նաեւ Արարատի մարզի Հովտաշատ գյուղում: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված անձանց կողմից քաղաքացիների վրա հարձակվելու եւ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ 2018թ. ապրիլի 22-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևանի Էրեբունի եւ Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում երթ իրականացնելիս, դիմակավորված անձինք հարձակվել են իր և երթի մասնակից մի շարք քաղաքացիների վրա, քարերով, մահակներով և էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետևանքով երթին մասնակից անձանցից մի քանիսն ստացել են մարմնական վնասվածքներ։ Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր