Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել է «Մերժում ենք Տարոնին» խումբ, որը պահանջում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:
Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ վաղը՝ մայիսի 7-ին քաղաքապետարանի շենքի մոտ նախատեսված էր բողոքի ակցիա, սակայն այն հետաձգվել է: Ներկայացնում ենք խմբի տարածած հայտարարությունն այդ առնչությամբ:
Հարգելիներ, հաշվի առնելով ձեր մտահոգությունները, առաջարկները և քվեարկության արդյունքները՝ ակցիան տեղափոխվում է մայիսի 10 ժամը 11:00 և կկայանա նույն վայրում: Միջոցառման օրը և ժամը վերջնական կհաստատենք Նիկոլի ընտրություններից հետո: Միաժամանակ, հարկ ենք համարում շեշտել, որ շարժման առանցքն ու հաջողության գրավականն անշուշտ ապակենտրոն քաղաքացիական ինքնակազմակերպումն է: Անկախ քաղաքացիական դիմադրությունը ենթադրում է քաղաքացիների ինքնուրույն կազմակերպում առանց որևէ լեգիտիմ խմբի հրահանգի կամ թույլտվության: Ուստի, հորդորում ենք պահպանել քաղաքացիական ինքնակազմակերպման տրամաբանությունը ինչպես ներկա պայքարի, այնպես էլ հետագա դիմադրությունների դեպքում:
Հիշեցնենք, որ այս ակցիան չի նախաձեռնվել Նիկոլի և իր թիմակիցների կողմից, բայց ողջունվել է շարժման որոշ կազմակերպիչների կողմից և տարածվել սոցցանցերով: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք ձեր ակտիվ ներգրավման համար: