Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի՝ արձանագրելով, որ Ադրբեջանը խոշտանգել և ապօրինի ազատությունից զրկել է ՀՀ քաղաքացի Արթուր Բադալյանին, ով մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Այս մասին տեղեկանում է ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքում հրապարակված որոշումներից:
Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Արթուր Բադալյանին վճարել 30.000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
Դիմումատուն՝ Բադալյանը, ՄԻԵԴ-ին ներկայացրել է, որ ադրբեջանական ուժերի կողմից գերեվարվելուց հետո 22 ամիս գերության մեջ է եղել տարբեր ռազմական հաստատություններում: Նա պնդել է, որ իրեն բավարար քանակությամբ սնունդ չեն տվել և հաճախ թույլ չեն տվել զուգարան գնալ: Ավելին, նա ենթարկվել է դաժան խոշտանգումների և հոգեկան տառապանքի: Հաճախ են հարվածել նրա ոտքերին, որպեսզի չկարողանա զգալ կամ շարժել դրանք, հաճախակի էլեկտրական լարեր են կապել նրա մատերին և հոսանքահարել: Բադալյանի խցի դռանը հարվածել են մետաղական առարկաներով, ինչի արդյունքում նա այժմ տառապում է լսողության խանգարմամբ:
ՄԻԵԴ-ն էլ միաձայն ընդունել է հայցադիմումը: ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (Խոշտանգումների արգելում -Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի) խախտում: Դատարանը միաձայն պնդել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք- Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով) խախտում: