Քանի դեռ Իսրայելը չի փոխել իր քաղաքականությունը, անհնար է տարածաշրջանում կայուն խաղաղություն եւ կայունություն հաստատել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն:
Ստամբուլում ավարտվել է Թուրքիայի եւ Պաղեստինի առաջնորդների հանդիպումը։ Բարձր մակարդակով բանակցությունները 2 ժամ 25 րոպե են տեւել: Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ նրա պաղեստինցի գործընկեր Մահմուդ Աբբասը նախ անցկացրել են դեմ առ դեմ հանդիպում, որը տեւել է 1 ժամ 15 րոպե: Կողմերը քննարկել են տարածաշրջանային իրադարձությունները եւ երկկողմ կապերն ամրապնդելու քայլերը: Էրդողանն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը հնարավոր չեն լինի, քանի դեռ շարունակվում է իսրայելական օկուպացիան՝ հայտարարելով, որ «Թուրքիան չի լռել եւ չի լռելու Պաղեստինում Իսրայելի ոճրագործությունների մասին»: Նա նաեւ գոհունակություն է հայտնել Պաղեստինի հետ երկկողմ հարաբերությունների դրական զարգացման կապակցությամբ:
Պետությունների ղեկավարների առանձին հանդիպմանը հաջորդել են ընդլայնված կազմով բանակցությունները: Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, հաղորդակցությունների տնօրեն Ֆահրեթին Ալթունը, նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը եւ Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը: