Հարձակման է ենթարկվել Ուկրաինայի ռազմածովային ուժերի կայքը, որտեղ տեղադրվել են Սեւ ծովում «Sea Breeze» վարժանքների հետ կապված կեղծ հրապարակումներ: Կայքի վրա հարձակմանը մասնակցել են ռուս հաքերներ: Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի ծառայությունը, հայտնել է «Կոմսոմոլսկայա պրավդան Ուկրաինայում»:
«Ռուսաստանը նպատակաուղղված տեղեկատվական գործողություններ է իրականացնում Ուկրաինայի դեմ: Այդ գործողություններում ներգրավված են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի տեղեկատվահոգեբանական գործողությունների կառույցները՝ կենտրոնական ենթակայության կիբեր ստորաբաժանումների, հետախուզական մարմինների եւ Կրեմլի ամբողջ քարոզչամեքենայի աջակցությամբ», - հայտնել են նախարարությունից:
Գերատեսչությունից հայտնել են, որ փաստաթղթերից ոչ մեկը ձեռք չի բերվել Ուկրաինայի զինված ուժերի տեղեկատվական եւ հեռահաղորդակցման համակարգերից տեղեկատվության արտահոսքի արդյունքում: Միայն տեղի է ունեցել ուկրաինական նավատորմի կայքի ժամանակավոր անջատում: Գրանցվել են նաեւ ՊՆ պաշտոնական վեբ-պորտալի դեմ անհաջող DDoS հարձակումների դեպքեր:
«Այժմ սպառնալիքը վերացված է, մոտ ժամանակներս կվերականգնվի ՌԾՈւ կայքի աշխատանքը: Լիազորված ստորաբաժանումները ներկայումս աշխատում են համացանցում գերատեսչական ռեսուրսների թարմացման ուղղությամբ՝ պաշտպանության պատշաճ մակարդակով», - նշել է ՊՆ-ն: