00:00:00

Հայիթիի ոստիկանապետը հայտարարել է նախագահի սպանության մեջ ներգրավված չորս անձանց վերացման մասին

10:40, 08 հուլիս 2021 Աշխարհ

Հայիթիի իրավապահ մարմինները վերացրել են երկրի նախագահի՝ Ժովենել Մոիզեի սպանության մեջ ներգրավված չորս վարձկանների, եւս երկուսը ձերբակալվել են: Այս մասին պետական ​​հեռուստատեսության եթերում հայտարարել է Հայիթիի ազգային ոստիկանության ղեկավար Լեոն Չարլզը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Նրանցից չորսը սպանվել են, եւս երկուսը գտնվում են մեր հսկողության տակ եւ հարցաքննվում են: Պատանդ վերցված երեք ոստիկաններն ազատ են արձակվել»,- ասել է նա: Ավելի վաղ հանրապետության իշխանությունները հայտարարել էին 18:00-ի սահմաններում ենթադրյալ մարդասպաններին ձերբակալելու մասին: Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու վիրավորվել էր երեքշաբթի գիշերը իր նստավայրի վրա անհայտ անձանց կողմից հարձակման արդյունքում: Հարձակման ընթացքում վիրավորվել էր նաեւ երկրի առաջին տիկին Մարտին Մոիզը, ով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ երկրի վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆի՝ հարձակման հեղինակներից ոմանք խոսում էին անգլերեն եւ իսպաներեն: Ժոզեֆը բնակչությանը հանդարտվելու կոչ է արել՝ հավաստիացնելով, որ «երկրում անվտանգության ոլորտում իրավիճակը գտնվում է Հայիթիի ազգային ոստիկանության եւ Հայիթիի զինված ուժերի վերահսկողության տակ», Նախարարների խորհուրդը 15 օրով ռազմական դրություն է հայտարարել հանրապետությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր