Գվատեմալայում դիաբետ ունեցող մի կին մահացել է մուկորմիկոզից, որն անվանվում է նաեւ «սեւ բորբոս»։
Սա այդ հիվանդությունից գրանցված մահվան առաջին դեպքն է։ Այս մասին տեղեկացրել է երկրի առողջապահության նախարարությունը Twitter-ի էջում։
«Համաճարակաբան, բժիշկ Էդվին Կալգուան տեղեկացրել է, որ պացիենտը, որի մոտ հաստատվել է մուկորմիկոզ ախտորոշումը, տառապում էր շաքարային դիաբետով, չնայած անհրաժեշտ բուժմանը, մահացել է հունիսի 29-ին»,- ասել են գերատեսչությունում։
Պացիենտը վարակվել էր կորոնավիրուսով, որը թուլացրել էր նրա օրգանիզմը։ Ըստ երեւույթին, հենց դա է դարձել նրա մահվան պատճառը սնկային բարդությունից։
Հիմա մասնագետները ուսումնասիրում են էլի մի քանի մահացու ելքեր, որոնք կարող են կապված լինել «սեւ բորբոսի» հետ։ Սակայն դրանք առայժմ լաբորատոր հաստատում չեն ստացել։
Հիշեցնենք, որ մուկորմիկոզը կամ «սեւ բորբոսը» բարդություն է, որն առաջանում է սնկային վարակից։ Սնկային սպորները, հայտնվելով օրգանիզմում, ախտահարում են բրոնխ-թոքային համակարգը, ականջները, կոկորդը, քիթը եւ մաշկը։ Հիվանդությունը վտանգավոր է թույլ իմունիտետով մարդկանց՝ դիաբետ, աուտոիմունային հիվանդություններ ունեցողների եւ նրանց համար, որոնց օրգանիզմը հյուծվել է այլ հիվանդության դեմ պայքարից հետո։